Սևանա լճում արդյունաբերական ձկնաբուծություն կազմակերպելու նախագծի ռիսկերը դեռևս չեն որոշվել։ Այս մասին խորհրդարանում այսօր՝ մայիսի 31-ին, հայտարարել է Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։
Նախարարի խոսքով՝ նախարարության վերջնական դիրքորոշումը կախված կլինի նախագծի վերլուծությունից։ «Եթե գտնենք՝ ծրագիրը լճի համար վտանգ չի ներկայացնում, չենք առարկի: Հակառակ դեպքում, դրա իրականացումն, իհարկե, անհնար է»,- ասել է Գրիգորյանն ու հավելել, որ նախարարությունը մոտ ապագայում իրականացնելու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը։
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին կառավարության հավանությանն արժանացած ծրագիրը, նախատեսում է իշխանի վանդակային եղանակով (բաց ջրում, ցանցերով շրջապատված) բուծում: Մինչև 2023 թվականը նախագծին անհրաժեշտ բյուջեն գնահատվում է 66 մլրդ դրամ (շուրջ 162 մլն ԱՄՆ դոլար) և ուղղված է մանրաձկների բուծմանը, ձկների պահպանմանն ու վերամշակող գործարանի կառուցմանը: Արտադրանքի 75 տոկոսը (թարմ, սառեցված, ապխտած և պահածոյացված ձկներ) արտահանվելու է: Ծրագիրը նախատեսում է իշխանի տարեկան արտադրության ծավալները տասը տարիների ընթացքում (մինչև 2023 թ.) հասցնել 50 հազար տոննայի։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերը գրել էր, որ ՀՀ կառավարության նիստում որոշվել է Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանին։ Այդքանով, ըստ օրաթերթի, Սերժ Սարգսյանն իր անձնական վերահսկողության տակ է վերցնում Սևանա լիճը մի հսկա ձկնաբուծարանի վերածող այս խիստ վտանգավոր ծրագիրը։