«Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է Աժ նոր նստաշրջանի ընթացքում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ ներկայացնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ «Ժառանգությունն» առաջարկում է օրենքից հանել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունքը`առաջարկը բացատրելով նրանով, որ ուսման տարկետումը հիմնականում օգտագործվում է «որոշ խավի զավակների կողմից»՝ զինծառայությունից խուսափելու համար:
Հակոբյանն ասել է, որ Հայաստանում ասպիրանտուրա ընդունվողների 80-90%-ը տղամարդիկ են և նրանց միայն 5-6%-ն է շարունակում զբաղվել գիտությամբ։
Բացի դրանից, «Ժառանգությունն» այս նստաշրջանում հերթական անգամ հանդես է գալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու առաջարկով։ Խմբակցությունը դեռ 2007 թվականից ի վեր առաջարկել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, սակայն նախագիծը մերժվել է։ Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այսօր քաղաքական իրողությունն այլ է, քանի որ հայտնի է, որ ԼՂՀ-ն կապ չի ունենա եվրոասոցացման կամ Մաքսային միության հետ, որի մաս կկազմի Հայաստանի Հանրապետությունը: