Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում է գտնվում «Մ.Գեւորգյան» ընկերության հայցադիմումն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի: Հայցվորը պահանջում է «Առավոտ» օրաթերթից 3 միլիոն դրամ՝ ընկերության «գործարար համբավն արատավորող վիրավորանքի» և «ընկերության գործարար համբավն արատավորող զրպարտության» համար, գրում է Aravot.am֊ը։
Հայցվորը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին «Առավոտ» օրաթերթի առաջին էջում տպագրվել է «Գետնանցում-մոթել» վերնագրով հոդված, որում նշվել է «վերևում Դանիել Վարուժանն է եղեգնյա գրչով երգում փառքեր, ներքևում «Աֆինան» է իր «փառապանծ» պարով տղամարդկանց զվարճացնում, հետո մոթել ուղարկում», իսկ ապա 4-րդ էջում շարունակվում է, ըստ հայցվորի, հոդվածը «Գետնանցումը ՝ նաև մարմնավաճառների աշխատավայր» վերնագրով»: Խոսքը Մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցումի մասին է։ «Առավոտի» հոդվածում, մասնավորապես, ասված է․ «Գետնանցումում գործող անանուն «մոթելը» «Աֆինա» գիշերային ակումբից մի քանի քայլ այն կողմ է: Ակումբում մերկապարից «ոգևորված» տղամարդիկ «Աֆինայից» ոտքները հանում են, գցում «մոթել»»:
Հայցվորի կարծիքով՝ հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորական, զրպարտչական արտահայտություններ, որոնք նվաստացրել են գիշերային «Աֆինա» ակումբի բարի համբավը:
Նախնական դատական նիստը դատարանը նշանակել է դեկտեմբերի 5-ին, ժ.11.30-ին:
Մանրամասները՝ Aravot.am-ում
Լուսանկարը՝ Aravot.am–ի