Home / Տեսանյութեր / Ո՞ւմ է պետք փողոցային արվեստը․ ուղևորություն Երևան-Կապան-Երևան

Ո՞ւմ է պետք փողոցային արվեստը․ ուղևորություն Երևան-Կապան-Երևան

Գերժամանակակից գնացքի պատկեր Կապանի ստադիոնի պատին և արվեստի օգտակարության մասին բանավեճ բերեց գեղանկարիչների, վերլուծաբանների և հասարակական գործիչների «Արտ-լաբորատորիա» խումբը Սյունիքի մարզկենտրոն։ Արվեստագետների նախորդ նվերները բաժին էին հասել Վանաձորին՝ «Մոսկվայի օդանավակայինի կնիքը և ճամփրուկները», և Գյումրիին՝ «Տանկը»։ Հայտնիներից է նաև «Տորթը»՝ նախագահի ծննդյան կապակցությամբ։

7-ժամանոց անտանելի ճանապարհով մայրաքաղաքից անջատված Կապանի մշակույթի տան դահլիճը լիքն էր (ճանապարհին դեռ կվերադառնանք)։ Դա արդյունք էր «Արտ-լաբի» և քաղաքապետարանի միջև նախնական համաձայնության։ Ներկաների մեծ մասը տոնական հագուստով կանայք էին՝, ինչպես հետո պարզվեց, դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներ։ Իրենց էր դիմում մշակութաբան Վարդան Ջալոյանը․ «Ի՞նչ կարող է անել հասարակության համար ժամանակակից արվեստը»։

մանրամասները նաև տեսանյությում

Նա ներկայացրեց ցուցասրահները լքած գեղանկարչության մի քանի համաշխարհային օրինակներ, հետո պատմեց Երևանի տարբեր մասերում պատկերված «էշերի» և վերջիններիս մտքերի մասին։ «Սիրուն չի», – լսվեց դահլիճից։ «Ժամանակակից արվեստը «սիրուն» չի սիրում», – պատասխանեց Ջալոյանը, ով նախօրոք նշել էր, որ մայրական կողմից կապանցի է, իսկ «կապանցու ամենալավ հատկություններն են՝ ուղղամտությունն ու անկեղծությունը»։

«Ինչո՞վ է փողոցային արվեստը տարբերվում հեռուստատեսությունից, – շարունակում էր մշակութաբանը։ – Հեռուստացույցները բաժանում են մարդկանց իրարից, իսկ արվեստը՝ հակառակը»։

– Դուք սրա ասածից բան հասկացա՞ք, ֊ ինձ դիմեց տեղի լրագրողներից մեկը։

– Կարող եք ճշտող հարցեր տալ, – պատասխանեցի։

– Բայց ի՞նչ կա ճշտելու։

Ջալոյանը գովեց Կապանի բնակելի շենքերի կամարների ներսի նկարչությունը, որը, իր համոզմամբ, երևանյաններից հաջողված է։ Դահլիճից մի տղամարդ համաձայնեց մշակութաբանի հետ, բայց գովեց մայրաքաղաքային գազանանոցի դիմացի պատին արված գրաֆիտին․ «Այն երեխան, որ թղթից ինքնաթիռ է թռցնում կործանիչների ֆոնին, շատ լավ գործ է։ Լավ ուղերձ է պատերազմին հակադրվելը»։

Դահլիճն աշխուժացել էր, խոսում էին տարբեր կողմերից․
– Ժամանակակիցը Արամ Խաչատրյանն է։
– Ստացվում է, որ Սովետի փլուզումից հետո ոչինչ չի ստեղծվել։
– Սովետն է լավը, սովետինն է լավը։
– Էն էշերի սիրունը ո՞րն ա։ Էդ որ ասում են՝ «ուր քշեն, ընդեղ էլ կգնանք», դա մե՞զ նկատի ունեք։
– Ազգին։

Հանդիպումը վերջացած հայտարարվեց անսպասելիորեն, երբ դահլիճում մնացել էին մի քանի տասնյակ հետաքրքրվածություն ցուցաբերող մարդիկ։ Խոսակցությունը կարճ ժամանակով շարունակվեց միջանցքում․

«Ինքնասպան զինվորից» հետո մեզ ևս ասում էին, որ գեշ է։ Ասում էին՝ «առավոտյան գործի գնալուց տրամադրություններս գցում է ամբողջ օրով»։ Պատասխանում էինք, որ նորմալ է, երբ մարդկանց տրամադրությունը ընկնում է, քանի որ բանակում անընդհատ երեխաներ են մահանում։

Հանդիպումից մի քանի ժամ անց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի ֆինանսավորմամբ ապրող «Գանձասարի» ստադիոնի պատին հայտնվեց գերժամանակակից գնացքի պատկերը։ Կապանի երկաթգիծը չի աշխատում՝ Նախիջևանով է անցնում։ Քաղաքը Երևանի հետ կապում են բեռնատար միկրոավտոբուսները․ ներսում չորս շարքով նստարաններ են խցկված, որոնց արանքում լրացուցիչ տաբուրետներ են տեղավորում, բացվող պատուհան սալոնում չկա։

Բողոքող, ինչպես պնդում էր վարորդը, նույնպես չկա։ Նրա խոսքով՝ եթե գծի տերը պասաժիրի մասին մտածի, ուղեվարձը պիտի բարձրացնի։ Հիմա 300 կիլոմետրը 7 ժամում գնալն արժե 3500 դրամ։ Ճամփին երկու կանգառ է նախատեսված՝ վարորդի ծանոթների սննդի կետերի մոտ։ Բացի դա, վարորդը մի քանի անգամ շեղվում է երթուղուց, բեռներ փոխանակում, լրացուցիչ մարդ վերցնում, հրաժարվում կանգնել ուղևորի ցանկությամբ և առաջարկում բողոքել վերին ատյաններ։ «Ղեկը իմ ձեռքում է, ասողը ես եմ»։

Կանգառներից մեկում տեսանք Երևան-Հադրութ երթուղայինը։ Մեր վարորդը, կարծես թե, ճիշտ էր․ մեքենան մերինից էլ վատն էր, ուղևորները՝ հիմնականում տատիներ և զինվորներ, դժգոհություն չէին արտահայտում։ Բայց զինծառայողներին դժվար չէր հասկանալ, թե ինչպես է գծի տիրոջ եկամտի հարցը լուծվում ուղևորի մարմնի հաշվին..․

«Արտ-լաբորատորիայի» նոր գործը բողոքելուց հոգնած մարշրուտկայի պասաժիրի երազանքի մասին է։ 

Յուրի Մ