Home / Հայաստան / ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան․ Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ

ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան․ Բելառուսի խորհրդարանի փոխխոսնակ

Աշխատանքային այցով անցած շաբաթվա վերջին Հայաստան ժամանած Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին կիրակի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ կան:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ի՞նչ կարող է ասել չդադարող այն հայտարարությունների կապակցությամբ, թե մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից՝ Բելառուսի ու Ղազախստանի միջև տարաձայնություններ կան Եվրասիական միությանը Հայաստանի միանալու առնչությամբ, Բելառուսի խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահը պատասխանել է. «Գիտեմ, որ որոշակի կետեր կան, որոնց նկատմամբ այսօր աշխատանքներ են տարվում` նախևառաջ Եվրասիական հանձնաժողովում, ինչպես նաև պետությունների ղեկավարների կողմից: Գիտեմ նաև, որ այդ գործընթացն առաջ է գնում: Ես կապ չունեմ այդ գործընթացի հետ, սակայն վստահ եմ, որ ամեն ինչ կհամաձայնեցվի, կգտնվի ընդունելի մի տարբերակ, որպեսզի բոլոր այդ խոչընդոտները վերացվեն: Համենայնդեպս, մենք միայն խոսում ենք այն մասին, որ Հայաստանը պետք է լինի Եվրասիական տնտեսական միությունում, այլ ուղերձներից տեղյակ չեմ»:

Հայաստանն ու Ռուսաստանն իրենց համաձայնությունն են տվել Եվրասիական միությանը Երևանի անդամակցության պայմանագրի նախագծին: Որպեսզի այն ստորագրվի, օրինակ, այս հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսված եվրասիական գագաթնաժողովում, նախագծին պետք է հավանություն տան նաև Բելառուսն ու Ղազախստանը:

«[Եվրասիական միությանը Հայաստանի միանալու] պայմանագրի նախագիծը այժմ Բելառուսում օրենսդրական ընթացակարգերի կենտրոնում է և փորձաքննություն է անցնում: Առաջիկայում այն պետք է ներկայացվի կառավարությանը: Կառավարությունն էլ պետք է այն ներկայացնի խորհրդարան՝ վավերացման», – ասել է Վիկտոր Գումինսկին:

«Ազատության» հարցին՝ բելառուսական խորհրդարանը ե՞րբ իր հավանությանը կարժանացնի փաստաթուղթը, և արդյոք կհասցնե՞ն մինչև հոկտեմբերի 10-ին Միսնկում կայանալիք գագաթնաժողովը, Բելառուսի խորհրդարանի փոխնախագահը արձագանքել է.

«Ինչ վերաբերում է մեր Ազգային ժողովին, ապա մենք նպատակ ենք դրել և բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի հոկտեմբերի 2-ին մեկնարկող խորհրդարանի նստաշրջանի սկզբում կառավարության կողմից այդ փաստաթուղքը ներկայացվի մեզ, որպեզի մենք կարողանանք մինչև գագաթնաժողովը այն վավերացնել: Որքանով տեղյակ եմ՝ հենց այդ գագաթնաժողովին էլ կհայտարարվի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին»:

Հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում