«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող գյումրեցի առևրտրականներն այսօր հանդիպել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Դժգոհող գյումրեցիների խոսքով՝Ցոլակյանը նրանց ընդամենը առաջարկել է պահանջները ձևակերպել գրավոր և ներկայացնել մարզպետարան, որպեսզի հետո ներկայացնեն ՀՀ կառավարությանը:
«Իրենք չգիտեն ոնց պատասխանեն, ուզում են մեր բողոքը տանեն կառավարություն, ինչի՞, կառավարությունում չգիտե՞ն՝ ինչ ենք ուզում, ինչի համար ենք պայքարում», – առևտրականների խոսքերն է փոխանցում Galatv․am-ը:
Մարզպետարանի մոտ մեծ թվով ոստիկաններ էին եկել, նրանց և առևտրականների միջև քշքշուկ է սկսվել, բողոքի ակցիայի վայր ժամանել է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:
Հանդիպումից հետո բողոքողները քաղաքի գլխավոր փողոցներով վանկարկումներով հասել են ՀՀԿ Գյումրու գրասենյակ: Գրասենյակից դուրս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որին առևտրականները ևս ներկայացրել են իրենց խնդիրները և պահանջել շուտափույթ լուծում: