«Մեղավոր է նաև «Ամերիաբանկը»»․ առերեսում «օֆշորի գործով»․ «Հրապարակ»
Ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ առերեսվել է «օֆշորի գործով» անցնող մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին։
«Ասեցի՝ բարև, հիմար, քո պատճառով է, որ այսօր նման վիճակում եմ գտնվում», ֊ Սուքիասյանին ասած իր խոսքերը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել է Հայրապետյանը։
Գործարարը նշել է, որ Սուքիասյանի հետ զրույցից ինքը հասկացել է, թե գլխավոր մեղավորներից մեկն էլ «Ամերիաբանկ»֊ի մասնաճյուղերից մեկի տնօրեն Գագիկ Սահակյանն է։
«Այն եզրակացության եմ եկել, որ խուլիգաններն են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանը, բայց այստեղ ամենամեծ հանցագործը բանկն է։ Բանկը փողերն առանց ուսումնասիրման տվել է, կեղծ փաստաթղթերով պայմանագրեր կնքել։ Այս բոլոր կեղտոտությունները բանկի տակ են», ֊ ասել է Հայրապետյանը։
Նշենք, որ օֆշորային սկանդալի մասին 2013֊ի մայիսին սկսել է գրել hetq.am֊ը։ Իր հրապարակումներից մեկում կայքն անդրադարձել է նաև «Ամերիաբանկի» դերին։ Համաձայն կայքի հրապարակած փաստաթղթի, Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում:
Լուսանկարը՝ hetq.am