Home / Հայաստան / ՌԴ֊ի նպատակն է ինքնիշխանությունից զրկել Հայաստանը․ ԱԴ֊ն քննադատում է Սերժ Սարգսյանի քայլը

ՌԴ֊ի նպատակն է ինքնիշխանությունից զրկել Հայաստանը․ ԱԴ֊ն քննադատում է Սերժ Սարգսյանի քայլը

Ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հայաստանի զարգացման հեռանկարը հարցականի տակ դրեցին: Այս մասին ասված է «Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացված է անկախ պատգամավոր, ԱԴ֊ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանով։

ԱԴ֊ն նշում է, որ այդ պայմանագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են՝ անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը և դատապարտում է Սերժ Սարգսյանի քայլը։

«Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների իրականացումն է և նպատակ ունի ինքնիշխանությունից զրկել նախկին հետխորհրդային երկրներին՝ դրանով իսկ համաշխարհային հանրությանը ցույց տալով իր թվացյալ ուժը։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը հակասում է 1990 թ. օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրին, որում հստակ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ»:

Այս պայմանագրի ստորգրումը նաև հակասահմանադրական քայլ է, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114–րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1–ին, 2–րդ և 114–րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

2013թ. սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում Եվրասիական տնտեսական միության կողմնակիցների հիմնական փաստարկն այն էր, թե այս միությանն անդամակցելով ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգությունը երաշխավորված է լինելու, սակայն հայ-ադրբեջանական սահմանին ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին բացառապես հարձակողական տիպի ռազմատեխնիկայի վաճառքը ցույց տվեցին այդ փաստարկի սնանկությունը: Ուստի անընդունելի ենք համարում այս քայլը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտնագությամբ քողարկելու միտումները, քանզի ավելի մեծ հարված ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը, քան Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերի թուլացումն է, հնարավոր չէ պատկերացնել», ֊ մասնավորապես, ասված է հայտարարության մեջ։

Tekali Taxi