Եռյակը պետք է ձևավորի միասնական օրակարգ, որ դեռևս գոյություն չունի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Հաջորդ հանրահավաքից հետո արդեն պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի, ինչ զարգացումներ», ֊ ասել է պատգամավորը։
Փոստանջյանի խոսքով՝ ինքն օրակարգի տեսքով ներկայացրել է իր անձնական դիտարկումներն ու առաջարկությունները, սակայն առայժմ դրանք չի քննարկել ոչ կուսակցության ներսում և ոչ էլ եռյակի մյուս անդամների հետ: Ըստ պատգամավորի՝ իր կազմած օրակարգը բաղկացած է 8 կետից, ու դրա առաջին կետը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին է վերաբերում։
Պատգամավորն ասել է, որ «Ժառանգությունն» այս գործընթացում ներգրավվել է, որպեսզի հասնեն համակարգային փոփոխության:
«Հարթակն ու ժողովուրդը պետք է համատեղ գործունեություն ծավալեն, և հարթակում կմնան այն մարդիկ, ովքեր ժողովրդի պահանջի իրացման են գնում»,- ասել է նա:
Փոստանջյանը նշել է, որ թեև լսել է իշխանափոխության պահանջ նույն եռյակի անդամ ԲՀԿ-ի որոշ անդամներից, սակայն հստակ քայլեր մինչ այսօր չեն արվել։