2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Փոլ Գոբլ․ Ռուսաստանը խանգարեց լուծել ղարաբաղյան հակամարտությունը. «168 ժամ»

2001 թվականին Քի Ուեսթի գագաթաժողովում Հայաստանն ու Ադրբեջանն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Այս մասին «168 ժամ» թերթի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` հայտնի «Գոբլի ծրագրի» հեղինակը։ Գոբլը, ով 90-ականներին ԱՄՆ Պետքարտուղարությունում զբաղեցրել է հատուկ խորհրդականի պաշտոնը, ղարաբաղյան պատերազմի սկզբում մի հոդված էր հեղինակել՝ առաջարկելով հարցը լուծել «տարածքային առևտրի» ճանապարհով, մասնավորապես՝ Մեղրին հանձնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի և Լաչինի տարածքների դիմաց։

Թերթի հետ զրույցում Գոբլը նշել է, որ 2001 թվականին սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ինքը առաջարկել էր մինչ այդ:

«Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության»,- ասել է վերլուծաբանը։

Ըստ նրա` արտաքին ուժերից, առաջին հերթին, Ռուսաստանը թույլ չի տվել, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը հասնեն ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը: Խնդրի չլուծված լինելը, վերլուծաբանի կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի Մոսկվայի համար, որովհետև Ռուսաստանը երբեք չի կարողացել վերահսկել Հյուսիսային Կովկասը, քանի դեռ չի վերահսկել Հարավը: Մյուս կողմից, Գոբլը կարծիք է հայտնել, որ Արևմուտքն էլ Լեռնային Ղարաբաղում «կայուն ստատուս-քվոյի» պահպանման կողմնակից է: Ինչ վերաբերում է «Գոբլի ծրագրին», թերթի զրուցակիցն ասել է, որ «այն ժամանակ դա լավ գաղափար էր», սակայն նաև ավելացրել, որ այսօր այն չի կարող տեղ ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում:

Ամբողջական հարցազրույցը՝ թերթի այսօրվա համարում