Ղարաբաղյան հիմնախնդրի Խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար պետք է դառնա բաց և թափանցիկ։ Այս մասին ասված է նոյեմբերի 3-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Հայաստանը և Ադրբեջանը ներկայացնող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրվել է նախկինում ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ․ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանի և 1993-99թթ․ Ադրբեջանի նախագահի օգնական և քարտուղարության ղեկավար Էլդար Նամազովի կողմից։
Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ ստեղծված իրավիճակում ստատուս քվոն չի կարող շարունակվել, «իրավիճակի սառեցում» տեղի չի ունենում, և գրեթե ամենօրյա կրակոցներից մարդիկ են զոհվում, ընդլայնվում է ռազմական բախումների տարածքը, հակամարտության կողմերի միջև աճում է սպառազինությունների մրցավազքը, պետական և քաղաքացիական մակարդակներում հռետորաբանությունն ավելի արմատական է դառնում։
«Ստատուս քվոյի պահպանման հետագա փորձերը անտարակույս կդառնան նոր վտանգավոր միտումների անբաժան մաս, որոնք սպառնում են ոչ միայն համաեվրոպական անվտանգությանը, այլև՝ մեր երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը:
Մենք սատարում ենք Խաղաղության համաձայնագրի իրագործման ընթացքում միջազգային ուժերի օգտագործման գաղափարը և շեշտում ենք, որ միջազգային ուժերի կազմում չեն կարող մտնել ոչ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրները, ոչ էլ հակամարտության կողմերին հարևան պետությունները։ Այդ համաձայնեցված սկզբունքների գործնական իրականացման համար միջազգային միջնորդությունը պետք է ազատ լինի որևէ աշխարհաքաղաքական կոնյուկտուրային նկատառումից ինչպիսին են ազդեցության ոլորտների համար պայքարը և տարածաշրջանում գերիշխանությունը։
Հրատապ կոչով դիմում ենք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարներին, ինչպես նաև մյուս երկրներին՝ դադարեցնել բոլոր տեսակի հարձակողական զենքերի մատակարարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը միայն հնարավոր է հակամարտող կողմերի՝ փոխադարձ զիջումերի գնալու պատրաստակամության, առավելապաշտական պահանջներից ու նախապայմաններից հրաժարման, մեր ժողովուրդների ընդհանուր ազգային շահերի գիտակցման, ինչպես նաև՝ միջազգային միջնորդների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անկեղծ ցանկության պարագայում։
Դիմում ենք կողմերի քաղաքական ղեկավարություններին, անկախ խաղաղ կարգավորման առանձին դրույթների սկզբունքների տարբեր մեկնաբանություններից, անվերապահորեն ձեռնամուխ լինել ղարաբաղյան Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի մայիսի 7-ի նախաձեռնության և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մայիսի 12-ի հայտարարության հիման վրա։
Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերի քաղաքացիական հասարակություններին, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին դառնալ խաղաղ կարգավորման ակտիվ մասնակից, սկսել անհրաժեշտ փոխզիջումների փնտրտուքը, հրաժարվել առավելապաշտական պահանջներից և ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվության իրենց մասնաբաժինը», ֊ նշում են հայտարարության հեղինակները։
Հայտարարությանը սատարել են՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Ադրբեջան» ՀԿ֊ի նախագահ Արզու Աբդուլաևան, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Հայաստան» ՀԿ֊ի նախագաh Նատալյա Մարտիրոսյանը, քաղաքական վերլուծաբան, պրոֆեսոր Ալի Աբասովը, փիլիսոփայության դոկտոր Զարդուշտ Ալիզադեն, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը, Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնի քաղաքական վերլուծաբան Լեյլա Ալիևան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի պատմաբան, վերլուծաբան Հայկակ Արշամյանը։