Շոտլանդիայի անկախացման հանրաքվեն չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի կամ այլ հակամարտության լուծման համար, քանի որ յուրաքանչյուր դեպք առանձին պետք է ուսումնասիրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:
Դեսպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Շոտլանդիայի հանրաքվեն կարելի է ստացված համարել, քանի որ բոլոր կողմերն էլ պատրաստ էին ընդունել դրա արդյունքները, ինչպիսի էլ որ դրանք լինեին:
«Հատուկ օրենք է ընդունվել, որի համաձայն անկախության հանրաքվեն անցկացվեց Շոտլանդիայում: Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար, որի անվտանգությունը կապահովի Մեծ Բրիտանիան: Միասնականությանը կողմ երեք կուսակցությունները՝ պահպանողականները, լեյբորիստները և լիբերալ-դեմոկրատները խոստացան ավելի մեծ հնարավորություններ տալ շոտլանադական խորհրդարանին՝ կապված սոցիալական ապահովության և հարկային քաղաքականության հետ», – ասել է Լիչը:
Նշենք, որ սեպտեմբերի 18֊ին Շոտլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում որոշվեց, որ Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում․ անկախության օգտին քվեարկել է բնակչության 41,5 տոկոսը, դեմ՝ 58,5֊ը։