հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Շոտլանդիայի անկախացումը Ղարաբաղի համար ոչինչ չի փոխի․ քաղաքագետ

Շոտլանդիայի անկախացումը Ղարաբաղի համար ոչինչ չի փոխի․ քաղաքագետ

Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալուց հետո Ղարաբաղում ուղղակիորեն ոչինչ չի փոխվի։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով նշված թեմայի շուրջ հայաստանյան մամուլում ստեղծված իրարանցումն ու ղարաբաղյան հիմնախնդրի հետ համեմատականները։

«Շոտլանդիայի հանրաքվեն ու այն, ինչ դրանից առաջ տեղի էր ունենում, չափազանց հետաքրքիր գործընթաց է։ Հատկանշական է, որ Շատլանդիան իր անկախության համար պայքարում է ոչ թե այն պահից, երբ Հայաստանն իմացավ այդ մասին՝ 2 ամիս առաջ, այլ 300, եթե ոչ 600-700 տարիների ընթացքում։ Ինքնորոշման այդ ընթացքն ուղեկցվել է թե պատերազմներով, թե ապստամբություններում, թե զանգվածային տարհանումներով, թե սպանություններով»,֊ քաղաքագետի խոսքերն է փոխանցում armtoday.info կայքը։

Ըստ փորձագետի՝ այս հանրաքվեն կարող է տարբեր արդյունքներ ու հետևանքներ ունենալ։ «Բնակչության կարծիքը կիսվել է, շատ են չկողմնորոշված քաղաքացիները․ տարբեր հասարակական խմբեր տարբեր կերպ են վերաբերվում անկախության հեռանկարին։ Ես սոցիալական հարցումներին չեմ վստահում, քանի որ կարևորը հանրաքվեի արդյունքը չէ, այլ դրա մեթոդաբանությունը, ու այդ հանրաքվեն որոշ խնդիրներ ունի։ Ես, սակայն, համոզված եմ, որ ընտրությունները թափանցիկ մթնորոլորտում կանցնեն»,֊ ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ շոտլանդացի ընտրողները կարող են քվեարկել անկախության դեմ, ինչպես եղավ Կանադայի դեպքում։

Քաղաքագետը, այնուամենայնիվ, վստահ է, որ քվեարկության արդյունքների հայտնի դառնալուց հետո մեծ հաշվով ոչինչ չի փոխվի։

«Դա պայմանավորված է նրանով, որ կան դեպքեր, երբ կենտրոնական իշխանությունները համաձայնում են՝ տարածքներն առանձնանան երկրներից։ Օրինակ, այդպես եղավ Չեխոսլովակիայի դեպքում, երբ պետությունը կիսվեց Չեխիայի ու Սլովակիայի»,֊ նշել է նա՝ ընդգծելով, որ Շոտլանդիայի անկախանալու դեպքում Էդինբուրգը պաշտոնական Լոնդոնի կողմից կճանաչվի, իսկ Ղարաբաղը՝ ոչ։

«Անկախությունը լավ պահվածքի համար շքանշան չէ, անկախություն չեն տալիս, այն վաստակում են, ու եթե տան, ապա միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղը։ Միայն այդ ժամանակ այն կճանաչվի նաև Մեծ Բրիտանիայի կողմից»,֊ ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ չնայած Բրիտանիայի իշխանությունները չեն ողջունում Շոտլանդիայի ընտրությունը, այնուամենայնիվ, նրանք պատրաստ են համակերպվել հանրաքվեի արդյունքների հետ։

«Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անկախանալուց հետո ղարաբաղյան հիմնախնդրի վրա այդ հանրաքվեն որևէ կերպ չի անդրադառնա»,֊ եզրափակել է փորձագետը։