Home / Տեսանյութեր / «Դրամ, յո՞ երթաս»․ Բագրատյանը կենսամակարդակի 30 տոկոսանոց անկում է կանխատեսում

«Դրամ, յո՞ երթաս»․ Բագրատյանը կենսամակարդակի 30 տոկոսանոց անկում է կանխատեսում

Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է, Facebook սոցիալական ցանցի իր էջում «Դրամ, յո՞ երթաս» գրառման մեջ նշում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014թ երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը՝ 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։

«Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար՝ 32.5 և 33.2%։ Սա աղետ է։ Միշտ ասում էինք՝ դրամի կուրսն իջեցրեք, հանդարտ ձևով, այլապես գահավիժելու է։ Եվ, ահա, խնդրեմ։

ԿԲ-ն և Կառավարությունը չգիտեն՝ ինչ անեն։ ԿԲ-ն հայտարարություններ է անում, թե իբր դրսից եկած սպեկուլյատիվ երևույթ է։ Իբր ի՞նչ։ Արժույթային շուկան հենց սպեկուլյատիվ էլ պիտի լինի։ Եթե կա ազատ փոխարժեք, ապա սպեկուլյացիան դրա տարերքն է։ Իրենք են սպեկուլյատիվ, բա դո՞ւք։ Կամ կառավարության մրցակցային քաղաքականության գծով պատասխանատուն հայտարարում է՝ թույլ չեմ տա, որ տեղական արտադրողը գին բարձրացնի։ Այսինքն, օղի, գազ կամ բենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապված դրամի արժեզրկման հետ, բայց գյուղացին կարտոֆիլի գին չի կարող բարձրացնել։ Ինչո՞ւ։ Տնտեսագիտության ո՞ր կանոնի համաձայն», ֊ մասնավորապես, գրել է Բագրատյանը։

Նա ընդգծում է, որ դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ։ Առաջինը՝ դրամի անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ՝ 595-ից մինչև 305։

«Ռոբերտ Քոչարյանը մեմուարներ է գրում առանց դույզն իսկ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այդ ժամանակներից սկսած մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին։

Հանձինս այն ժամանակվա ԿԲ Նախագահ Տիգրան Սարգսյանի, Քոչարյանը լավ գործընկեր էր գտել. տրանսֆերտների հաշվին դրամն արժևորվում էր և մարդկանց կենսամակարդակն արհեստականորեն բարձրանում էր։ Մի անգամ չէ, որ ելույթ ենք ունեցել և նշել, որ տրանսֆերտները պետք է դիտարկել իբրև աշխատանքային ծառայությունների արտահանում, հաշվառել իբրև այդպիսին, իսկ դրամի ազատ փոխարժեքը սահմանել միայն այն բանից հետո, երբ դրանք (կամ դրանց մի մասը) ստերիլիզացվել են։ Բայց ասողին լսող էր պետք։ Տիգրան Սարգսյանն «իր» տեսությունն ուներ», ֊ գրել է պատգամավորը։

Ըստ Բագրատյանի՝ դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են։

«Ավելի ճիշտ կլինի ասել …. գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը։ Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա։ Բանն այն է, որ աշխարհի տնտեսությունը գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել։ Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան։ Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է։ Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ ողորմածությանը։ Այս տերն էլ ինչ ուզում անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը։ Սա մեգաէկոնոմիկա է։ Հիմա նավթի գներն իջնում են։ Բնականաբար, տուժում են նավթն արտադրողները և պետք շահերին նավթ կամ նավթամթերք ներկրողները։ Բայց մեգաէկոնոմիկան թույլ է տալիս տեղերով փոխել տուժողներին ու շահողներին։ Կարծում եք՝ Սաուդյան Արաբիան տուժո՞ւմ է (նավթի գինը բյուջետավորել էր 78 դոլար) կամ Քուվեյթը (բյուջետավորել էր 80 դոլար) կամ Վենեսուելան (90 դոլար)։ Ոչ։ Վախենամ, որ էականորեն չի տուժում նաև Ադրբեջանը։ Ո՞վ ասեց, որ մեգաէկոնոմիկայում նավթից ստացված հասույթը ձևավորվում է միայն գնից։ Ի՞նչ գիտեք որ մեխանիզմներ չկան այդ, այսպես կոչված, արժեթղթերը տպել և ուղարկել նավթարդյունահանող որոշ երկրներին։

Իսկ ահա ում որ պետք չէ, նման «պարգևատրումներ» կարելի է չտալ։ Եվ, առաջին հերթին, ՌԴ-ին (մինչև կսովորի իրեն ճիշտ պահել Ուկրաինայում) և Իրանին։ Իսկ այս երկուսը ՀՀ ամենակարևոր գործընկերներից են։ Հարվածը ռիկոշետով հասնում է Հայաստանին երկու պատճառով։ Առաջին՝ ՌԴ ռուբլին և տնտեսությունն անկում են ապրում, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտները պակասում են։

Երկրորդ՝ Հայաստանը իբրև էներգակիր ներմուծող երկիր պիտի շահեր՝ քանզի պետք է հսկայական տնտեսումներ ունենար նավթի ու գազի գնումների ժամանակ։ Բայց արի ու տես, որ, նախ, ՌԴ-ից ներմուծվող մեր գազի գինը կապ չունի նավթի գնի հետ (ինչպես, օրինակ, ԵՄ երկրների համար է նախատեսված) և մեր նավթամթերքներ ներմուծող «Ռոսնեֆտ-Արմենիան» մենաշնորհ ունի։ Իսկ ո՞վ է այս որոշումների պատասխանատուն։ ՀՀ իշխանությունները։ Հիշենք 2013-ի դեկտեմբերի 2-ի գազային համաձայնագիրը (տեսաք որ քննություն չբռնեց), ինչպես նաև ոչ սակագնային որոշումը «Ռոսնեֆտի» մենաշնորհի մասով։ Ահա այստեղ է թաղված շան գլխի մի մասը», ֊ նշում է Բագրատյանը։

Նա շարունակում է, որ դրամի կտրուկ արժեզրկման երրորդ պատճառը ԿԲ և մյուս մարմինների պրոֆեսիոնալ գործունեության անբավարար մակարդակն է։

«Մի բան պարզ է։ Կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում՝ մինչև 46-50%», ֊ եզրափակել է տնտեսագետը։