Home / Հայաստան / Թարգմանիչն իրավունք չունի փոխել բնագիրը. «Հրանտ Դինք»-ի պատասխանը թուրքագետի մեղադրանքին

Թարգմանիչն իրավունք չունի փոխել բնագիրը. «Հրանտ Դինք»-ի պատասխանը թուրքագետի մեղադրանքին

Հասան Ջեմալի «1915․ Հայոց ցեղասպանությունը» գիրքը հրատարակած «Հրանտ Դինք» հիմնադրամը հայտարարությամբ անդրադարձել է գիրքը հայերեն թարգմանած Ռուբեն Մելքոնյանի մեղադրանքներին:

Մելքոնյանը գրքի շնորհանդեսի ժամանակ դժգոհել էր, որ հիմնադրամը գրքից հեռացրել է իր՝ թարգմանչի տողատակերը:

Ըստ հիմնադրամի պարզաբանման՝ դա արվել է ընթերցողի նկատմամբ հարգանք ունենալու հիմքով՝ «միջազգային չափանիշների համաձայն՝ թարգմանիչը պետք է հավատարիմ մնա բնագրին»:

«Թարգմանիչը երբեք իրավունք չունի կատարելու փոփոխություն գրողի բնագրում կամ ավելացնելու սուբյեկտիվ նշումներ: Ռուբեն Մելքոնյանի խնդրո առարկա «թարգմանության մեջ փոփոխություն» պնդումը հետևյալ հետգրությունն է. «Թարգմանչական խումբը բացարձակապես չի կիսում հեղինակի այս մտքերը՝ դրանք համարելով իրականությանը հակասող (Ռ.Մ.)»: Որպես հրատարակիչ՝ կատարեցինք հեղինակի հանդեպ մեր պարտականությունը և այս հավելյալ նախադասությունը գրքից հանեցինք: Թարգմանչի գործը չէ գրողի հետ համամիտ լինելը: Որևէ թարգմանիչ իրավունք չունի միջամտելու հեղինակի գործին կամ ավելացնելու գաղափար: Բացառվում է, որ լուրջ հրատարակիչը հանդուրժի թարգմանչի ավելացրած սուբյեկտիվ դիտողությունները, և դրանք հրատարակի գրքում»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Հիմնադրամը նշում է՝ եթե թարգմանիչն անհամաձայնություններ ունի Ջեմալի գրքի հետ, կարող է առանձին հոդված հրատարակել և հայտնել իր կարծիքը, բայց դա չի կարող անել բուն թարգմանության մեջ:

«Ռուբեն Մելքոնյանը, ծանոթանալով գրքի բնօրինակին, համաձայնեց թարգմանել այն իր կամքով, իհարկե՝ ոչ առանց գումարի: Կարող էր հրաժարվել թարգմանությունից, եթե համամիտ չէր այս գրքի՝ արևելահայերենով հրատարակվելու մեր նպատակի հետ»,- հավելել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:

Նշենք, որ Ռուբեն Մելքոնյանը նաև մեղադրել էր «Հրանտ Դինք» հիմնադրամին, ինչպես նաև հայ֊թուրքական ծրագրի շրջանակներում աշխատող մի շարք այլ կազմակերպությունների թուրքական քարոզչության մեջ։ Մանրամասները՝ այստեղ։

Tekali Taxi