Դրամի արժեզրկումն անմիջական ազդեցություն է թողել Հայաստան ներմուծվող սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների վրա՝ դրանց գները սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ նշելով, որ իր ղեկավարած կառույցը շուկայում 16-17 անուն ապրանքների գների դիտարկում է իրականացրել։ Ապրանքների թվում են՝ շաքարավազը, կարագը, ձեթը, հավի միսը, հավկիթը, սուրճը, ալյուրը։
Շաբոյանն ասել է, որ ուսումնասիրությունը կատարվել է նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի:
Պաշտոնյայի խոսքով՝ գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը:
«Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի դա, ձմռան ամիսներին հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա: Սակայն սա դեռևս վերջնական դիրքորոշում չէ: Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այս հարցի կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն է ստացել, և ուսումնասիրության ավարտից հետո մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք:
Ի դեպ, ոչ բոլոր կաթնամթերք արտադրողներն են կաթնամթերքի գները բարձրացրել: Խոսքը հիմնականում վերաբերում է երկու խոշոր արտադրողներին՝ «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերություններին», ֊ ասել է Շաբոյանը:
Վերջինս ընդգծել է նաև, որ ուսումնասիրված 16-17 ապրանքատեսակների գնային փոփոխությունները տատանվում են 2-ից 12, 13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս:
«Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, և փոխարժեքի փոփոխման վերին շեմը չեն գերազանցում»,֊ հայտարարել է Հանձնաժողովի ղեկավարը:
Որպես բացառություն Շաբոյանը նշել է հնդկաձավարը, որի գներն էականորեն ավելացել են, և հնդկաձավարի գնի վրա, փոխարժեքի փոփոխությունից բացի, առաջին հերթին, ազդել են ձեռքբերման գները, որոնք մեծ չափով ավելացել են:
«Այս ապրանքատեսակը մեր տնտեսվարողները հիմնականում ներմուծում են ռուսաստանյան շուկայից, և այս տարվա ընթացքում, պայմանավորված այն հանգամանքով, որ հնդկաձավարի բերքը կրճատվել է մոտ 20 տոկոսով, գները կտրուկ ավելացել են, մի քանի անգամով են ավելացել: Ի դեպ, Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունն այս ուղղությամբ արդեն ուսումնասիրություն է սկսել, որոշ տնտեսվարողների նկատմամբ վարչական վարույթներ է հարուցել», ֊ ասել է Շաբոյանը։