ՀՀ Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը (լուսանկարում)։
«Համեմատության համար ասեմ՝ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում», ֊ ասել է Երիցյանը:
Վերջինս հավաստիացրել է, որ Հայատսանի բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով:
«Բանկերի արդեն իսկ մեծ և ակտիվները, և պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և կանխիկ, և անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները:
Ուզում եմ նաև շեշտել, որ Կենտրոնական բանկի գնահատմամբ, մեր կանխատեսումներով, գների կայունության հետ կապված նույնպես զգալի ռիսկեր այս պահի զարգացումներով չենք տեսնում, և գնաճի ցուցանիշը 2014-15թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում, որը մենք թվերով ասում ենք 4±1.5 տոկոսի շրջանակում:
Այս տարվանը կլինի 4 տոկոսի շրջանակում, եկող տարի՝ 4±1.5 տոկոսի շրջանակում՝ հաշվի առած բոլոր վերջին զարգացումները և իրավիճակն արտարժութային շուկայում», ֊ իր խոսքը եզրափակել է Երիցյանը:
Նշենք, որ վերջին 10 օրվա ընթացքում հայկական դրամը արժեզրկվել է ավելի քան 10 տոկոսով, սակայն ԿԲ֊ն իր հայտարարություններում շարունակում է լավատես մնալ։