ՀՀ կենտրոնական բանկը պնդում է, որ վերջին օրերին Հայաստանում գրանցված դրամի փոխարժեքի տատանումը կարճաժամկետ բնույթ է կրում։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին:
Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով», ֊ ասված է ԿԲ֊ի հայտարարության մեջ:
Կենտրոնական բանկը նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:
«Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան», ֊ եզրափակում է ԿԲ֊ի հայտարարությունը:
Նշենք, որ երեկ Հայաստանում հերթական անգամ դրամի կտրուկ անկում է գրանցվել։ Օրվա ընթացքում փոխանակման կետերը դոլարի 1 դոլարի վաճառքի գինը սահմանել էին 460 դրամից ավելի, իսկ բանկերը, թեև 450 դրամ վաճառքի գին էին սահմանել, բայց հրաժարվում էին վաճառք իրականացնել, կամ դոլարը վաճառում էին սահմանափակ քանակով։
Այս տարվա նոյեմբերի 24֊ին, երբ Հայաստանում դրամի փոխարժեքի կտրուկ անկում էր գրանցվել, Կենտրոնական բանկը դարձյալ լավատեսությամբ էր աչքի ընկել։ Այն ժամանակ իր հայտարարության մեջ ԿԲ֊ն ընթացող գործընթացներն անվանել էր «փոխարժեքի ճշգրտում» և հայտարարել էր, որ դա նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: