Կեսօրին զանգահարեց ծանոթներիցս մեկը ու պատմեց, որ Երևանի մանրամեծածախ առևտրով զբաղվող շուկաներում ու տոնավաճառներում բազմաթիվ կետեր դադարեցրել են առևտուրը։ Պատճառը դրամի փոխարժեքի շարունակական անկումն է։ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ճանապարհին նյութս արդեն իսկ սկսեց «գրվել»։ Տաքսու վարորդն ընկերոջը զանգահարեց, հարցրեց, թե որտեղ է գազը 210 դրամով վաճառող գազալցակայանը։ Պատասխանը գոհացուցիչ չէր․ ընկերոջ փոխանցմամբ՝ այդ գազալցակայանում սարսափելի հերթեր են կուտակվել։
«Գազը 230 դրամ ա դառել։ Տաքսու գինը ավելի շատ չեմ կարա բարձրացնեմ, նստող չի լինի։ Հաց չի, որ 20 դրամ թանկացել ա, մարդիկ մեկա կառնեն։ Չգիտեմ՝ ինչ անեմ», ֊ ասում էր վրդովված վարորդը։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում իրավիճակը նույնքան խուճապային էր։ Կետերի մեծ մասը հրաժարվում էր մեծածախ առևտուր իրականացնել, մանրածախի դեպքում էլ այնպիսի գներ էին ասում, որ հաճախորդը հեռանա։ Նույն իրավիճակը «Փեթակ» առևտրի կենտրոնում էր․ մի տեղ փորձեցի արկղով մարտկոցի գինը իմանալ, ասացին՝ վաճառք չկա, մյուս տեղում արկղով օճառ հրաժարվեցին վաճառել։ Ասացի, որ լրագրող եմ, երկու կետերի աշխատողները սկսեցին գանգատվել, որ «դրամի կուրսի էս պայմաններում» հնարավոր չէ աշխատել։ Ըստ նրանց՝ առևտուր չանելը միանգամայն արդարացված է՝ «դրամը գին չունի, դրանից վատ մենակ ռուբլին ա, ավելի լավ ա ապրանք ունենամ»։ Բացի դա, մեծածախ առևտուր իրականացնողները չեն կարողանում աշխատելու ճիշտ տարբերակ գտնել իրենց մշտական հաճախորդների հետ։
«Մեր կլիենտներն են, գալիս, ապրանք են տանում։ Եթե 5 դոլար ա գինը, 500 դրամով հաշվում ես, տալիս ես, իրիկունը արդեն 540֊ով չես կարում առնես։ Ոչ մի հաշվարկ հնարավոր չի անել», ֊ պատմում էր 45 տարեկան մի տղամարդ։
Մյուս զրուցակիցս ավելացրեց, որ իրենց «մշտական հաճախորդների նկատմամբ սխալ կլնի» ապրանքը կտրուկ բարձրացնել, քանի որ եթե վաղը դրամը կայունացավ կամ ամրապնդվեց, կստացվի՝ գործընկերներին խաբել է։
«Շինանյութի շուկան էլ ա կանգնած, ֊ զրույցին միջամտում է մեկ այլ տղամարդ, – Առևտուր չեմ անում, մատակարարները գները բարձրացրել են, ոչ ոք ռիսկ չի անում ապրանք վերցնել»:
Մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ տաղավար են մտնում մարդիկ, ովքեր պատրաստ են ապրանք գնել, սակայն կետում վաճառք անել հրաժարվում են։ Գնորդներից մեկը նույնպես միանում է մեր զրույցին, պատմում է, որ երեկ «դոլարի 510 կուրսի ժամանակ» ինքը պատրաստ էր 525֊ով գնել, բայց վաճառող չկար։
«Այսօր արդեն 560֊ով էլ են վաճառել», ֊ ասում է նա։ Ընթացքում տաղավարի սեփականատերերը համակարգչով ստուգում է փոխարժեքը rate.am կայքում, բանկերն անընդհատ բարձրացնում են դոլարի վաճառքի գները։ Զրուցակիցներիցս մեկը ենթադրում է, որ իրականում նման բարձրացումն արհեստական է, քանի որ շուկայում մեծ թվով սպեկուլյանտներ են գործում, որոնք էլ ավելի են ապակայունացնում վիճակը։ Խոսում ենք նաև վարկերից. առևտրականներից շատերի համար դա ցավոտ թեմա է, մարդիկ կան, որ դոլարով մեծ վարկեր ունեն, արտասահմանից ապրանք են բերել, ու վերջին օրերին այդ ապրանքը սպառել չեն կարողանում կամ դրա իմաստը չեն տեսնում, իսկ վարկը մարելու օրը բանկը չի հետաձգելու։
Մեր զրույցի վերջում ինձ ասում են, որ բանկեր կան, որոնք մեկ դոլարի վաճառքի գինը դարձրել են 550 դրամ։
«Ուրեմն չեյնջերում ավելի բարձր ա, իսկ սև շուկայում 600֊ի կհասնի», ֊ մռայլ եզրակացնում է առևտրականը։
Դուրս եմ գալիս տաղավարից ու ևս մեկ պտույտ եմ կատարում տոնավաճառում։ Առևտրի կենտրոնը, որը սովորաբար նախատոնական օրերին լիքն է, այսօր կիսադատարկ է։ Մեկ այլ տաղավարում ինձ ասում են, որ առևտրի ծավալները երկրորդական սպառման ապրանքների շուկայում կտրուկ ընկել են, անգամ խաղալիքները տոներից առաջ շատ վատ են սպառվում։
Գրասենյակ վերադարձի ճանապարհին մտնում եմ սուպերմարկետ, որտեղ փոխանակման կետ կա։ Դոլարը վաճառում են 550֊ով, եվրոն՝ 695֊ով, հացի ու կաթնամթերքի որոշ ապրանքների գները երեկվա համեմատ բարձրացել են։ Մյուս ապրանքներին որոշում եմ չմոտենալ։
Արմեն Մ․