Գլխավոր / Հայաստան / Դիվերսիոն ներթափանցման փորձ նաև Ղարաբաղում, հայտնում է ԼՂՀ ՊՆ֊ն

Դիվերսիոն ներթափանցման փորձ նաև Ղարաբաղում, հայտնում է ԼՂՀ ՊՆ֊ն

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կասեցրել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր:

«Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի 3 զոհ», ֊ հայտնում է ԼՂՀ ՊՆ֊ն:

Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ֊ն հայտնել էր, որ հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ։

«Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է և հակառակորդը հետ է շպրտվել:

Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը», ֊ ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: