Home / Հայաստան / Հայաստանյան բանկերի խոշորացումը չի նպաստի տնտեսության զարգացմանը․ փորձագետ

Հայաստանյան բանկերի խոշորացումը չի նպաստի տնտեսության զարգացմանը․ փորձագետ

Մասնագիտական շրջանակներում եղել են կանխատեսումներ, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի որոշ բանկեր կարող են միաձուլվել, սակայն նույնիսկ նման զարգացում կանխատեսողների համար Կենտրոնական բանկի հայտարարությունը՝ միանգամից բարձրացնել բանկային կապիտալը և բանկերին ստիպել միավորվել, շոկային էր։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։

Կենտրոնական բանկը 2014 թ. տարեվերջին հայտարարել է, որ Հայաստանում գործող բանկերը մինչև 2017 թ. պետք է վեց անգամ մեծացնեն իրենց կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի:

Խուրշուդյանի խոսքով՝ միաձուլման գործընթացը պետք է բնական լիներ, իսկ ԿԲ֊ն իր հայտարարությամբ փորձեց արագացրել այն, ինչը ռազմավարական ռիսկեր է պարունակում։

Տնտեսագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում 2008 թվականին գրանցված տնտեսական ճգնաժամի ժամանակ խոշոր բանկերը հայտնվեցին սնանկ վիճակում, մինչդեռ ռեգիոնալ, փոքր բանկերն ավելի հեշտ հաղթահարեցին ճգնաժամը։

«Այսինքն, խոշորացնելով բանկերը՝ չես նվազեցնում ռիսկերը։ Ֆինանսական ճգնաժամը բանկերի չափից չի կախված։ Ստիպելով, որ բոլոր բանկերը խոշորանան, միաձուլվեն, Կենտրոնական բանկն ապագա հնարավոր ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ողջ ֆինանսական համակարգը», ֊ ասել է Խուրշուդյանը։

Ըստ տնտեսագետի՝ բանկերի միավորման արդյունքում վարչական ծախսերը կկրճատվեն, սակայն մրցակցությունը չի ավելանա։

Խուրշուդյանն ասել է, որ Հայաստանն ուզում է վերադառնալ խորհրդային ժամանակների մոդելին՝ միաստիճան բանկային համակարգի, երբ գործում էր ընդամենը մեկ բանկ։ Դրանով, տնտեսագետի խոսքով, ցանկանում են ավելացնել վերահսկողությունը, ինչը վտանգավոր մոդել է և չի տանում համակարգի զարգացման։

Նա չի ցանկացել բարձրաձայնել, թե, իր կանխատեսմամբ․ որ բանկերն են կանգնելու միաձուլման խնդրի առաջ՝ նշելով, որ դա կարող է խուճապ առաջացնել տվյալ բանկերի հաճախորդների մոտ։