«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2015» զեկույցը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 78֊րդ հորիզոնականը։ Զեկույցն ուսումնասիրվող 180 երկրները դասակարգում է ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ լրատվամիջոցների բազմակարծությունը և անկախությունը, լրագրողների անվտանգության և ազատության հարգանքը, ինչպես նաև օրենսդրական, ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային միջավայրը, որտեղ գործում են ԶԼՄ-ները։
Զեկույցի համաձայն՝ պատերազմների, ցույցերի ժամանակ կիրառված բռնության և տնտեսական ճգնաժամի հետևանքով 2014 թվականին ԶԼՄ-ների ազատությունն ամբողջ աշխարհում նահանջ է ապրել։ Զեկույցում ներառված 180 երկրների երկու երրորդը նախորդ տարվա համեմատ ավելի վատ արդյունք է գրանցել։ Ամենամյա համաշխարհային ցուցիչը, որը գրանցում է մամուլի ազատության ընդհանուր խախտումները բոլոր 180 երկրներում, աճել է մինչև 3719, ինչը 8 տոկոսով գերազանցում է 2014 թվականի զեկույցի թիվը։
Հայաստանը 28․43 միավորով զբաղեցրել է 78֊րդ հորիզոնականը՝ անփոփոխ թողնելով նախորդ տարվա արդյունքը։ Վրաստանը, իր հերթին, իր արդյունքը բարելավել է 15 հորիզոնականով՝ զբաղեցնելով 69֊րդը։ Զեկույցի հեղինակների համաձայն՝ երկիրը վայելում է իշխանափոխությունից հետո ձեռնարկված բարեփոխումների պտուղները։
152֊րդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանում, ընդհակառակը, ճնշումներն անկախ մամուլի վրա միայն ուժեղացել են․ ներդրվել են մի շարք դրակոնիան օրենքներ, արգելափակվել են կայքեր, իսկ անկախ լրատվամիջոցները կամ վերցվել են վերահսկողության տակ, կամ՝ վերացվել գոյությունից։
2014֊ին ձերբակալված լարգրողների ու բլոգերների թիվը Ադրբեջանին, զեկույցի հեղինակների համաձայն, վերածել է Եվրոպայում լրագրողների խոշորագույն բանտի։ 162֊րդ հորիզոնականը զբաղեցրած երկրում մամուլի ազատությունը խիստ սահմանափակ է, գոյություն ունեցող մի քանի անկախ խմբագրությունները կամ փլուզվում էին ահռելի ճնշումների տակ, կամ պարզապես փակվում ոստիկանության կողմից։
«Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2015»֊ում առաջատարներն են Ֆինլանդիան, Նորվեգիան ու Դանիան։ Հայաստանի հարևաններից Թուրքիան գտնվում է 149֊րդ հորիզոնականում, Իրանը՝ 173֊րդում։ Ղազախստանը 160֊րդն է, Բելառուսը՝ 157֊րդը, Ուկրաինան՝ 129֊րդը։ Մամուլի ազատության տեսանկյունից վատթարագույն երկրներն են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան ու Էրիտրեան։