Հասարակական կազմակերպություններին վերաբերող Կառավարության կողմից առաջարկած նոր օրենքի նախագիծը մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների մտահոգության պատճառ է դարձել: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի «Եվրոպա» ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանն ասել է, որ մտավախություն կա՝ պետությունը ցանկանում է լծակներ ստանալ ՀԿ-ների գործունեությունը սահմանափակելու համար, և այժմ կառավարությունը ՀԿ֊ների հետ քննարկումներ է անցկացնում օրինագծի շուրջ։
Համաձայն օրինագծի, ՀԿ֊ները պետք է իրենց գործունեության մասին մանրամասն ֆինանսական և բովանդակային հաշվետվություններ ներկայացնեն պետական մարմիններին:
Միքայել Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՀԿ֊ների ներկայացուցիչները մտավախություն ունեն, թե օրենքն ընդունելու դեպքում այն կսկսի գործել սելեկտիվ կերպով, ինչպես հաճախ է լինում Հայաստանում։
«Մենք առաջարկել էինք, որպեսզի խիստ հաշվետվություններն օրենքով ամրագրվեն, բայց այն ՀԿ-ների համար, որոնք ստանում եմ պետական ֆինանսավորում: Այդ ֆինանսավորումը սկզբունքորեն տարբերվում է մնացած ֆինանսավորման տեսակներից», – ասել է մեկ այլ բանախոս, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:
Նոր օրենքով ՀԿ-ները կարող են զվաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նախկինում դրա համար անհրաժեշտ էր ՍՊԸ գրանցել և լինել դրա 100%֊ի բաժնետերը, սակայն այլևս դա պարտադիր չի լինի:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասել է, որ այդ հարցում ևս սահմանափակումներ կարող են լինել:
Ձեռնարկատիրական գործունեությունը, ըստ օրինագծի, պետք է համապատասխան լինի ՀԿ-ի կանոնադրական նպատակներին, մինչդեռ Տիգրանյանն այլ սահմանում է առաջարկում՝ ՀԿ-ի գործունեությունից ստացված շահույթը պետք է օգտագործվի ՀԿ-ի կանոնադրական նպատակները կատարելու համար: