հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՀՀԿ֊ականը նաիրիտցիներին մեղադրել է չաշխատելու ու գումար ստանալու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀԿ֊ականը նաիրիտցիներին մեղադրել է չաշխատելու ու գումար ստանալու մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ, ապա քայլել դեպի Ազգային ժողով՝ հանդիպում պահանջելով ԱԺ խմբակցությունների հետ:

Աժ դարպասների մոտ 17 ամսվա իրենց աշխատավարձը պահանջող նաիրիտցիներին նախ դիմավորել են ՀՅԴ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Ակցիայի մասնակիցներին դիմելով՝ Պողոսյանն ասել է, որ ոչ միայն նաիրիտցիների աշխատավարձը մարելու հարցը պետք է դրվի, այլև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման: Պատգամավորը կարևոր է համարել միջազգային շուկայում մրցունակ կաուչուկի արտադրության հարցը: Նա նկատել է՝ քանի որ Հայաստանում այլ արդյունաբերական ընկերությունները ևս դադարել են գործել, կաուչուկի սպառման խնդիրն այսօր արդիական է, և կաուչուկը մեծ պահանջարկ չունի:

Ակցիայի մասնակիցները չեն համաձայնել Պողոսյանի հետ՝ պնդելով, որ կաուչուկը պահանջարկ ունի նաև դրսի շուկաներում։ Պատգամավորը կրկին ասել է, թե դա այդպես չէ ու հարկավոր է իրատես լինել ու ճշգրիտ գնահատել ստեղծված իրավիճակը։

Նաիրիտցիները հանդիպում են պահանջել նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական Վարդան Այվազյանի հետ: Վերջինս հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է, որպեսզի մի խումբ նաիրիտցիներ իր հետ հանդիպեն որևէ փակ տարածքում: Նաիրիտցիները, սակայն, պահանջել են, որ Այվազյանն իջնի իրենց մոտ: Վերջինս հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր նկատել են, որ առաջին անգամ են տեսնում Այվազյանին՝ «մարդկանց մեջ»:

ՀՀԿ֊ականը վիրավորվել է. «Ես էլ այլ մարդկանց մեջ եմ երևում: Բարև ձեզ, ես Վարդան Այվազյանն եմ»:

Պատգամավորը նաիրիտցիներին խնդրել է նկատել, որ թեև ինքը հանձնաժողովի նախագահ է, բայց չունի ավելի բարձր լիազորություններ, քան հանձաժողովի մյուս անդամները: Այնուամենայնիվ, նա խոստացել է հանդիպում կազմակերպել նաիրիտցիների և պատասխանատու մարմինների հետ, այդ թվում՝ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի: Այվազյանի խոսքով՝ այս պահին Զախարյանը գործուղման մեջ է և հանդիպումը կկազմակերպվի նրա վերադարձից հետո:

«Ինչո՞ւ են Զախարյանը և Սերժ Սարգսյանը գնացել Չինաստան, որ «Նաիրիտի» մնացած մասն էլ ծախե՞ն»,- հարցրել է ակցիայի մասնակից մի կին։

Ակցիայի մեկ այլ մասնակից ասել է, որ իրենք Զախարյանի հետ առանց Այվազյանի էլ հանդիպել են, և դա չի օգնել:

ՀՀԿ֊ական պատգամավորը նաև հայտարարել է, որ գործարանն արդեն 5 տարի է՝ չի աշխատում, բայց մարդիկ «գյուռ֊գյուռ փող են ստացել»։

«Ձեր գործարանի ամեն տնօրեն, ումից որ հարցնում ես, ասում է՝ «Նաիրիտին» աշխատելու համար 900 աշխատակից է պետք: Ես ձայնագրել եմ, զապիսները ունեմ: Ես քիմիկ չեմ, իրենք են ասում, որ այդքան աշխատող պահել պետք չի»,- ասել է Այվազյանը:

Այդ հայտարարությունը վիրավորել է աշխատողներին, ովքեր հայտարարել են, որ իրենց կամքով չեն հարկադիր պարապուրդի մեջ հայտնվել, և իրենց անընդհատ խոստացել են, որ գործարանը կվերագործարկվի։

«Դա էլ շնորհակալությունն է, որ էս ընթացքում համբերատար սպասել ենք, ոչ թե արտագաղթել», ֊ ասել է մոտ 60 տարեկան մի տղամարդ։

Նշենք, որ հարկադիր պարապուրդի մեջ են գտնվում գործարանի 1200 աշխատակից, իսկ ևս 1000 մարդ վերջին տարիների ընթացքում շարունակել է աշխատել։

Ակցիայի ավարտին որոշում է կայացվել նաիրիտցիներից պատվիրակություն կազմել, որը խնդիրները կքննարկի Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Վաղը 11։00-ին նաիրիտցիները հավաքվելու են իրենց գործարանի մոտ։