Home / Հայաստան / «Հյուսիս֊Հարավը»֊ի մի հատվածը կարող է վճարովի լինել․ փոխնախարար

«Հյուսիս֊Հարավը»֊ի մի հատվածը կարող է վճարովի լինել․ փոխնախարար

«Հյուսիս֊Հարավ» ավտոճանապարհի որոշ հատվածներ, հավանական է, վճարովի լինեն։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։

Խորհրդարանական լսումներն անցնում էին ԱԺ գլխավոր դահլիճում՝ հաշվի առնելով հարցի հանդեպ հասարակության հետաքրքրվածությունը, սակայն դրանց ներկա չէին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Լսումների մեկնարկին ՀՀԿ֊ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ նախարարները գտնվում են գործուղումների մեջ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի համակարգող Դանիել Իոաննիսյանի հարցին պատասխանելով՝ փոխնախարար Առաքելյանն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, վճարովի կլինի Ագարակից Քաջարան տանող թունելը, որի երկարությունը 4.7 կմ է և որի կառուցումը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջել՝ 200 միլիոն դոլար։

Իոաննիսյանը նաև հարց է բարձրացրել «Հյուսիս֊Հարավ» ավտոմայրուղու կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցղների մասին՝ նկատելով, որ, քանի որ ՀՀ կառավարությունը ճանապարհը կառուցող կապալառուներին վճարում է դոլարով, կապալառուները աշխատանքների համար վճարում են դրամով, իսկ դոլարի համեմատ դրամը արժեզրկվել է, նշանակում է, որ կապալառուները գերշահույթներ են ստանում։ Փոխնախարար Առաքելյանը համաձայնել է դրա հետ։

Epress.am֊ի հետ զրույցում Իոաննիսյանը նշել է՝ հարցը պետք է դիտարկել այն համատեքստում, որ ՀՀ֊ն ևս դոլարով է վերցնում վարկերը ճանապարհի կառուցման համար։

«Այսինքն՝ կապալառուները գերշահույթներ են ստանում դրամի արժեզրկման հաշվին, իսկ մենք նույն պատճառով պետք է ավելի շատ վճարենք պարտքերի մարման համար։ Դե թող կապալառուն էլ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը դոլարով տա, կամ բարձրացնի 20 տոկոսով», ֊ Epress.am֊ին լսումներից հետո ասել է Դանիել Իոաննիսյանը։ 

Tekali Taxi