Home / Տեսանյութեր / Վերաքննիչը երեխայի համար պայքարող մոր օգտին վճիռ է կայացրել․ գործը նորից կքննվի

Վերաքննիչը երեխայի համար պայքարող մոր օգտին վճիռ է կայացրել․ գործը նորից կքննվի

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել է իր երեխային վերադարձնել փորձող Նարինե Նիկողոսյանի բողոքը՝ գործն ուղարկելով նոր քննության: Նիկողոսյանը վիճարկում էր  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի որոշումը, որով դատարանը մերժել էր վերացնել երեխայի առևանգման փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Սոնա Հովակիմյանն Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ Նարինե Նիկողոսյանն այնքան չէր սպասում դատարանի կողմից  իր օգտին վճռի կայացմանը, որ ուրախությունից արտասվում էր։  

Թեև Նիկողոսյանի փաստաբան Անի Թորոսյանը միջնորդել էր վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը նոր քննության ուղարկելը ևս համարում է մասնակի հաղթանակ։

Ըստ փաստաբանի՝ քննիչ Առաքելյանը դիտավորյալ չի կատարել քննչական անհրաժեշտ գործողությունները, մասնավորապես, չի կատարել դատագենետիկական փորձաքննություն, Նիկողոսյանին չի ճանաչել տուժող՝ նրան գործի նյութերից հեռու պահելու նպատակով, չի վերծանել Նիկողոսյանի և վերջինիս կողմից երեխային առևանգելու մեջ մեղադրվող Էդիսոն Ադյանի հեռախոսազրույցները և, վերջապես, չի հարցաքննել բժիշկ Կալուստյանին, ով անմիջականորեն կապված է երեխային մորից վերցնելու հետ։

Հիշեցնենք, որ նորածին երեխայի առևանգման մեջ մայրը մեղադրում է Էդիսոն Ադյանին, ով  պնդում է, որ երեխայի հայրն է։ Նիկողոսյանը նաև պնդում է, որ որդուն խլելու հարցում մեղավոր է բժիշկ Հրաչ Կալուստյանը։ Նիկողոսյանի խոսքով` Ադյանին առաջին անգամ տեսել է բժշկի միջնորդությամբ` ծննդաբերությունից ընդամենը երկու ամիս առաջ: Ադյանը 60 տարեկան ամուսնացած տղամարդ է, երեխաներ չունի։ Նա օգնել է միայնակ հղի կնոջը, տուն է տրամադրել, սակայն, Նիկողոսյանի խոսքով, երբեք չի ասել է, որ դրա փոխարեն պետք է երեխային վերցնի: Կնոջ պնդմամբ՝ Ադյանը երեխային խաբեությամբ վերցրել է հիվանդանոցից դուրս գրվելու օրը ու հեռացել է անհայտ ուղղությամբ։ Դեռ առաջին ատյանում Էդիսոն Ադյանը հայտարարել է, որ ԴՆԹ անալիզը նշանակություն չունի։ «Եթե պարզվի, որ երեխաս արաբ է, պարսիկ է, մեկ է՝ ես եմ նրա հայրը և ոչ մեկին չեմ տալու երեխային: Ես ղարաբաղցի եմ, նրա (երեխայի մոր՝ Նարինե Նիկողոսյանի ֊ Epress.am) պաշտպանն էլ է ղարաբաղցի, ինձ ասում է՝ «ես ավելի հաստակող եմ, կրելու եմ»»,- ասել է Ադյանը դատարանում:

Նշենք, որ, բացի քրեական գործից,  կա նաև վարչական վարույթ, որով Նիկողոսյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՔԿԱԳ-ին (ԶԱԳՍ) մեղադրում է երեխային ճանաչելու մասին հայրության արձանագրությունն ապօրինի կազմելու մեջ: Վարչական վարույթով դատական հերթական նիստը մայիսի 14֊ին հետաձգվել է, քանի որ դատարանը սպասում է պատասխանողի՝ ՔԿԱԳ֊ի հիմնավորումներին։

Tekali Taxi