Home / Հայաստան / ՀԷՑ֊ը «տակով է անում» էլէներգիան և դա որպես կորուստ ձևակերպում․ «Ժողովուրդ»

ՀԷՑ֊ը «տակով է անում» էլէներգիան և դա որպես կորուստ ձևակերպում․ «Ժողովուրդ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն առաջիկա տարում այդ ընկերության կորուստները պետք է կազմեն 818 միլիոն 780 հազար կիլովատ։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանը նշում է, որ ՀԷՑ֊ի կորուստների թիվն արհեստականորեն ուռճացվում է, և փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից թերթին տրամադրած նյութերը բացատրում են էլէներգիան «տակով անելու» եղանակներից մեկը։ Նշենք, որ ՀԷՑ֊ը խնդրում է այդ կորուստները հաշվառել էլէներգիայի սակագնի մեջ, որը 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել ընկերությունը։

«Պարզվում է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Այգեգործական թաղամասի բնակիչները էլէներգիան սպառում են առանց պայմանագրի և «լույսի փողը» միայն կանխիկով են վճարում ինչ-որ անհատի: ՀԷՑ֊ը պաշտոնապես հայտարարել է, որ այն ենթակայանը, որտեղից իրականացվում է նշված թաղամասի էլէներգիայի մատակարարումը, իրենը չէ, այլ պատկանում է «Բազալտ» ստեղծագործական ընկերությանը։ Վահե Հովսեփյանը փորձել է այս ընկերության մասին որևէ տեղեկություն պարզել, բայց ապարդյուն։ Առավել հավանական է, որ պաշտոնապես գործունեություն ծավալող նման ընկերություն գոյություն չունի, և «Բազալտ»֊ի միակ առաքելությունը որպես ենթակայանի սեփականատեր հանդես գալն է», ֊ գրում է Հովակիմյանը։

Հոդվածագիրը նշում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից թերթին փոխանցել են, որ էլէներգիայի վաճառքի բացառիկ մենաշնորհ ունի ՀԷՑ֊ը։

«Ամենակարևոր հարցն այստեղ այն է, թե Հայաստանում քանի՞ նման թաղամաս գոյություն ունի, որտեղ էլէներգիայի դիմաց կանխիկով են վճարում, քանի՞ ձեռնարկություն է նման ձևով վճարում իր սպառած հոսանքի համար», ֊ նշում է Հովակիմյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi