հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրիի սպանդի հետքերով․ միջնորդել են քրգործ հարուցել ՌԴ սահմանապահների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների դեմ

Գյումրիի սպանդի հետքերով․ միջնորդել են քրգործ հարուցել ՌԴ սահմանապահների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների դեմ

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը Ռուսաստանի Դաշնության սահմանապահների գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու հարցով դիմել են ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին։

Իրենց միջնորդության մեջ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներ Սաքունցն ու Զալյանը նշում են, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները 2015թ.-ի հունվարի 13-ին ժամը 00:15-ին հայտնաբերել են հայ-թուրքական պետական սահմանին ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձին և այդ մասին որևէ տեղեկություն չեն փոխանցել ո՛չ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ո՛չ էլ ՀՀ իրավապահ մարմիններին:

«Հետագայում, երբ պարզ է դարձել, որ այդ անձը եղել է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունների կատարման մեջ, դարձյալ ՌԴ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվություն չի տրամադրվել ՀՀ իրավապահ մարմիններին, և ոչ էլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է պահանջել համապատասխան տեղեկատվություն ՌԴ-ի իրավապահ մարմիններից:

Ելնելով այս հանգամանքից՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը 2015թ.-ի հունիսի 3-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ», ֊ ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է նաև, որ ՌԴ սահմանապահները լիազորություն չունեն անձանց ձերբակալելու, այլ միայն կարող են բռնել այն մարդկանց, ովքեր ապօրինի փորձում են հատել հայ-թուրքական կամ հայ-իրանական սահմանը, որից հետո պետք է կանչեն ՀՀ Ազգային անվտանգության մարմիններին և նրանց փոխանցեն իրավախախտին:

«Մինչդեռ ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները խախտել են օրենքը և կարելի է ասել, Պերմյակովին փախցրել են: Ելնելով այս հանգամանքից՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը 2015թ.-ի հունիսի 3-ին միջնորդություն են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ ՌԴ 102 ռազմաբազայի սպայական անձնակազմի, ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ծառայակիցների դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ», ֊ ասված է հաղորդագրության մեջ։