Home / Հայաստան / Նախարարը չի պատասխանել՝ ինչու Բաղդասարովն «Արմավիայի» նախկին աշխատողների պարտքերը չի մարել

Նախարարը չի պատասխանել՝ ինչու Բաղդասարովն «Արմավիայի» նախկին աշխատողների պարտքերը չի մարել

«Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է «Արմավիա» ընկերության աշխատակիցներին աշխատավարձի պարտքը վճարելու հարցը:

«Ինչու պետք է ընկերության նախագահը (խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարով-խմբ․) իրեն հայտարարի սնանկ և այսօր ապրի միլիարդատիրոջ կարգավիճակով՝ օդի տուրքից 10 հազարական դրամները գրպանելուց հետո, և միևնյուն ժամանակ մարդիկ՝ աշխատողները, պետք է ամբողջ օրը Կառավարության դիմաց ցույց անեն՝ իրենց աշխատավարձերը ստանալու համար»,- հարցրել է Զոհրաբյանը:

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի պատասխանել այս հարցին՝ նշելով միայն, որ ինքը չի կարող մեկնաբանել առանձին մարդկանց ֆինանսական կարողությունները:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև նկատել է, որ Հայաստանում ավիատոմսերի գները գնալով թանկանում են, և հայաստանցիները գնում են Վրաստան՝ Թիբիլիսիից ավելի էժան չվերթներ կատարելու համար:

«Ինչու են ավիատոմսերն աշխարհում ամենաթանկը Հայաստանում: Այս խնդիրները ո՞ր օրենքով են կարգավորվելու», – հարցրել է Նաիրա Զոհրաբյանը:

Տոմսերի գների աճի մասին հարցին պատասխանելով՝ Ճշմարիտյանն ասել է՝ այնպես չէ, որ բոլորը Թբիլիսի են գնում, քանի որ, համաձայն վիճակագրության, 2014 թվականին 2013 թվականի համեմատ՝ գրանցվել է ուղևորահոսքի աճ՝ 20.2%, իսկ սակագները նվազել են 5.1 տոկոսով։

Ճշմարիտյանի բերած վիճակարգության համաձայն, սակայն, 2015 թվականին արդեն ուղևորահոսքը 13 տոկոսով նվազել է, իսկ Թբիլիսիում էժան է, քանի որ այնտեղ աշխատում են բյուջետային ավիաընկերություններ, որոնք էժան և, նախարարի խոսքով, հաճախ անորակ սպասարկում են մատուցում:

Նա ընդգծել է, որ բյուջետային ավիաընկերություն բերելու հարցով բանակցություններ տարվում են 3 կազմակերպությունների հետ, մասնավորապես, քննարկվում է Գյումրիի ուղղությամբ չվերթներ կատարելու հավանականությունը: 

Tekali Taxi