Գլխավոր / Հայաստան / Գյուղնախարարությունը 10 տարում մոտ 22 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել

Գյուղնախարարությունը 10 տարում մոտ 22 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը (ԳՆ) 2005-2014թթ․ ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հատկացվել է 21,893,770 ԱՄՆ դոլար դրամաշնորհ Համաշխարհային բանկի, Եվրամիության, Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը ՀՀ պետական մարմիններին հատկացված դրամաշնորհների մասին հետազոտություն է անցկացնում։

ՀԿ֊ն ընդգծում է, որ գյուղնախարարությունը երբևիցե Ռուսաստանի Դաշնությունից դրամաշնորհ չի ստացել։

ԳՆ-ն 2005 թ.-ին համաձայնագիր է ստորագրել ճապոնական դրամաշնորհ (կառավարիչ՝ Համաշխարհային բանկ) ստանալու համար, որի նպատակն է գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացումը: Դրամաշնորհի չափը կազմում է 1,755,000 ԱՄՆ դոլար: 2006-2007 թվականներին թռչնագրիպին հակազդելու համար կրկին Ճապոնիայի կողմից (կառավարիչ՝ Համաշխարհային բանկ) տրամադրվել է 2,803,900 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Graf1

2012-ին ԳՆ-ն համաձայնագիր է ստորագրել Համաշխարհային բանկի հետ և ստացել է 450,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար: 2013 թվականին գումարային ստացել է 1,420,000 ԱՄՆ դոլար համայնքների գուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրի համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2012-2014թթ. իրականցրել է «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացման» թեմայով ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը և պարզեցնել միջազգային առևտրի իրականցումը: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Եվրամիության կողմից տրամադրվել է 1 մլն. եվրո:

ՀՀ ԳՆ-ն 2005-2011 թթ.-ին տարբեր չափերի դրամաշնորհներ է ստացել Ճապոնիայի, Չինաստանի և Հնդկաստանի կառավարություններից տրակտորների, կոմբայների, պարարտանյութերի, պահեստամասերի և գյուղգործիքների ձեռք բերման համար: 

Լուսանկարում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Նորապատի գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման արարողությանը։