Home / Հայաստան / Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ուղարկվել է դատարան․ ՀՔԾ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ուղարկվել է դատարան․ ՀՔԾ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Համաձայն հաղորդագրության՝ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի դա, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ 2015թ. հունվարի 12-ին Պերմյակովը ծառայության է եղել և ժամը 02։00-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել է Գյումրի քաղաքում:

Համաձայն քննիչների, Ժամը 06։00-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ՝ Պերմյակովը բաց դռնակից մտել է բակ, սվին դանակով հանել է մուտքի դռան ապակին և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու է, որտեղ ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։

«Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող երեխայի մարմնի կենսական կարևոր օրգաններին, թեև ուներ երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է», ֊ ասված է հաղորդագրության մեջ:

Նախաքննության վարկածի համաձայն, Վալերի Պերմյակովը հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, 3 բջջային հեռախոս, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Այնուհետև Պերմյակովը հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Հունվարի 12֊ին՝ ժամը 24։00-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի պահպանվող պետական սահմանը, սակայն հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել սպանության, ավազակային հարձակում կատարելու և սահմանը ապօրինի հատելու փորձի մեջ։ Ռուսաստանցի զինծառայողն ընդունել է մեղադրանքները և գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։ 

Tekali Taxi