9.5 ամիս բանտում գտնվող «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր կրկին մերժվել է կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու մասին Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը։
Սաֆարյանի կողմը պնդում է, որ դատարանում ներկայացված տեսաձայնագրության չի երևում, թե Սաֆարայնը հարվածել է ոստիկանին, իսկ դատական նիստերի ընթացքում վկա ոստիկանները հակասական ցուցմունքեր են տվել։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, իր հերթին, հայտարարել է, որ միջնորդության մեջ չկան նոր հիմնավորումներ և դատարանը պետք է կրկին մերժի այն։
Սաֆարյանը կարծիք է հայտնել, որ իրեն անազատության մեջ են պահում, որովհետև «քննիչն ու դատախազն են այդպես ցանկանում»։
«Մարդու ազատությունը մի շարք դեպքերում ավելի բարձր է դասվում կյանքից, իսկ այս դեպքում մարդու ազատությունը սահմանափակվում է քննիչի կամ դատախազի ցանկությամբ։ Ես դա ճիշտ չեմ համարում, չնայած համոզված եմ, որ միջնորդությունը մերժվելու է», – դատարանում ասել է Գևորգ Սաֆարյանը։
Մոտ մեկ ու կես ժամ խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյան հայտարարել է, որ մերժում է միջնորդությունը։
Դատական նիստի ընթացքում հարցաքննվել է գործով անցնող վկաներից մեկը՝ Ազատության հրապարակի մոտ գտնվող ավտոկայանատեղիի տեսուչ Ալբերտ Վարդանյանը։ Նա պատմել է, որ դեպքի օրը՝ Ամանորի գիշերը, բղավոցներ ու հայհոյանքներ է լսել, որից հետո փորձել է գտնել այն տեղը, որտեղից գալիս են ձայները։ Երբ մոտեցել է Օպերայի շենքին, տեսել է, որ վիճաբանողների մեջ ոստիկանական համազգեստով մարդիկ կան, որից հետո հեռացել է։ Վկան դատարանում ասել է, որ հնչող հայհոյանքները եղել են երկկողմանի։
Վարդանյանը պատմել է նաև, որ իր մյուս գործընկերները, ովքեր ավելի մոտ են եղել դեպքի վայրին, իրեն սկսել են պատմել միջադեպի մասին, սակայն ինքը չի ցանկացել լսել, քանի որ «Նոր տարի է»։
Մեղադրող դատախազը միջնորդել է հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ նրա ներկա և նախնական ցուցմունքների միջև առկա են հակասություններ։
Դատարանը բավարարել է միջնորդությունը․ հրապարակված նախաքննական ցուցմուքում վկան նշել էր, որ իր գործընկերներից լսել է, թե ինչպես է սպիտակ տաբատով և կապույտ բաճկոնով մի երիտասարդ հարվածել ոստիկանին։
Ցուցմունքի հրապարակումից հետո Ալբերտ Վարդանյանը նշել է, որ հիշում է այդ դրվագը, սակայն այդ պահին շփոթել է, թե ինչ գույն էր տաբատը, ինչ գույն էր բաճկոնը։
Վկայի նախաքննական ցուցմունքի մեջ նաև նշված է եղել, որ ինքը լսել է ոստիկանների հասցեին ուղղված հայհոյանքներ, այնինչ դատարանում վկայության ժամանակ նա ասել է, թե հայհոյանքները երկկողմանի են եղել։
Նախաքննության և դատարանում տված վկայությունների միջև եղած հակասությունների մասին հարցին Վարդանյանը պատասխանել է, թե երկար ժամանակ է անցել և ինքը չի կարողանում մանրամասն հիշել այդ օրը տեղի ունեցած դեպքերը։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը այս տարվա հունվարի 1-ին բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը): Նա մեղադրվում է ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Մեղադրանքն առաջադրվել է միմիայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա։ Սաֆարյանն իր դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում է համարում: