Ծնվելուց երկու օր անց՝ հունվարի 29-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից Երևանի Մուրացան հիվանդանոց տեղափոխված նորածինը մահացել է բժշկական սխալի պատճառով, պնդում են նորածնի հարազատները։ News.am-ի հետ զրույցում նորածնի պապիկը` Նալբանդյան գյուղի բնակիչ Ռուստամ Իսայանն ասել է, որ չի հավատում բժիշկների վարկածին, որ երեխան ծնվել է սրտի արատով և թոքաբորբ է ունեցել։ Նրա խոսքով՝ հարսը հղիության ընթացքում նույնպես որևէ խնդիր չի ունեցել:
«Հունվարի 26-ին հարսիս տարել ենք հիվանդանոց, բժիշկը` Նշան Գևորգյանը, սկզբում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իր ուժերով կունենա երեխային, ավելի ուշ էլ ասաց, թե ծանր ծննդաբերություն է սպասվում ու առանց մեր կարծիքը հայտնելու` վակումով արեցին ծննդօգնությունը: Դրանից հետո մեզ հայտնեցին, թե երեխան մի քիչ պտղաջուր է կուլ տվել, բայց ամեն ինչ նորմալ է, գնացեք տուն»,- պատմել է Իսայանը։ Նրա խոսքով՝ հաջորդ օրն արհեստական կեր են պահանջել և երեխային կերակրել:
Արդեն գիշերը, համաձայն Իսայանի, երեխայի վիճակը վատացել է, սակայն այդ մասին իրենց չեն հայտնել։ Միայն հունվարի 28-ի առավոտյան երեխային տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
«Այստեղ արդեն բժիշկները մեզ հայտնեցին, որ առանց պտղաջուրն ամբողջությամբ օրգանիզմից հանելու` երեխային կաթ են տվել, դրանից էլ վիճակը վատացել է: Մեզ ուղարկեցին արյուն բերելու, որից հետո հորդորեցին տուն գնալ», -պատմել է նորածնի պապիկը:
Հունվարի 29-ի առավոտյան Իսայաններն իմացել են, որ փոքրիկը մահացել է: Թե որն է եղել մահվան պատճառը, հարազատներն այդպես էլ չեն հասկացել․ «Մենք համոզված ենք, որ բժիշկ Նշան Գևորգյանի մեղքով է երեխան մահացել»։
Կայքը նշում է, որ թեև Իսայանները երեխայի մահվան մեջ բժիշկներին են մեղադրում, սակայն չեն պատրաստվում բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին:
Tert.am-ի հետ զրույցում Ռուստամ Իսայանն ասել է, որ բժիշկները կեսարյան հատում պետք է անեին, բայց, քանի որ չեն արել, երեխան վատացել է և պտղաջուր կուլ տվել։ Նա պնդել է, որ պահանջելու են հեռացնել 80-ամյա բժշկին։
Օրեր առաջ մահվան ելքով դեպք էր գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Ծննդկանի հայրը ևս բժշկին էր մեղադրում դստեր և թոռան մահվան մեջ։