Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները մինչ օրս չեն կարողանում ստանալ 2015֊ի աշնանը մթերված խաղողի դիմաց իրենց հասանելիք գումարները։
Epress.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի խաղողագործներից Գևորգ Հարությունյանը նշել է, որ 2016 թվականի դեկտեմբերին պարտքից մի չնչին մասն են փոխանցել խաղողագործներին, բայց, մասնավորապես, իրեն ու մի քանի այլ խոշոր պարտատերերի ոչինչ չի հասել։
«Նոր տարուց առաջ ինչ֊որ գումար էին փոխանցել, որը շատ չնչին թվով մարդկանց են տվել, ու հիմնականում քիչ պարտք ունեցողներին։ Իսկ ես խաղողը հանձնելու պահից մինչև հիմա ոչ մի դրամ չեմ ստացել»,- նշել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար կապվում էին Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ, սակայն վերջին 20 օրում նախարարը չի պատասխանել քաղցրաշենցիների զանգերին։
«Մեզ ասացին, որ հաշվեհամարներ բացենք, որ գումարը իբր փոխանցեն, տենց էլ անիմաստ գումար տվեցինք, հաշիվներ բացեցինք, բայց շատերս տենց էլ մի կոպեկ չենք ստացել»,- ասել է խաղողագործը։
Քաղցրաշենցիներն այլևս ոչ մի ակնկալիք չունեն պետական կառույցներից։ Նրանք պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմելով ստանալ մթերված խաղողի գումարները։
«Մեզ ասացին, որ մարտի 1-ից 2-ն էլի ինչ֊որ գումար կփոխանցեն, բայց էդ էլի խաբելով ժամանակ ձգելու ձևա ու չենք հավատում։ Մենք հիմա ավելի շատ սպասում ենք եղանակները տաքանան ու ճանապարհ փակենք, թե չէ մեր հարցը ոչ մեկ էլ չի լուծի սենց»,- ասել է Գևորգ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը։
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը քաղցրաշենցիներին մի քանի անգամ խոստացել էր, որ գործարանը պատրաստվում է վաճառել սպիրտը, ինչից հետո կմարվեն խաղողագործների բոլոր պարտքերը։ Գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գլխավոր դատախազություն և դատի էր տվել «Վինար» ընկերությանը՝ «գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար»։
Նախարարը տեղեկացրել էր, որ «Վինարի» 16,5 մլն դրամի սպիրտը գնել է Պռոշյանի կոնյակի գործարանը և մարզպետից արդեն ստացվել են գյուղացիների ցուցակներն ու հաշվեհամարները և այդ գումարն առաջիկայում կփոխանցվի պարտատերերին: