Home / Ազգային ժողով / Հաց բերողին ազատ արձակեցին․ առողջական վիճակը ծանր է (թարմացված)

Հաց բերողին ազատ արձակեցին․ առողջական վիճակը ծանր է (թարմացված)

ՀՀ դատախազությունը բավարարել է ՀՀ ԱԺ պատգամավորական միջնորդությունը ազատ արձակել  «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող, որպես «հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանին։

16։30 Քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից շտապօգնության մեքենայով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հաց բերող Արթուր Սարգսյանը։

Լրագրողների հետ զրույցում Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը նշել է, որ նրա վիճակը ծանր է և Սարգսյանին պետք է մասնագիտական օգնություն ցույց տրվի, որպեսզի նա կարողանա դուրս գալ հացադուլից։

11։45 Դատախազության տարածած հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրավերով այսօր հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ, որի ընթացքում դատախազը պատգամավորներին ներկայացրել է անձնական երաշխավորությամբ խափանման միջոցը փոխելու կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները, որից հետո Արթուր Սարգսյանին հանդիպելու համար պատգամավորները գնացել են «Դատապարտյալների հիվանդանոց»։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ մի խումբ պատգամավորներ համաձայնել են դառնալ անձնական երաշխավորներ Արթուր Սարգսյանի համար և մի քանի ժամից հաց բերողը կրկին ազատության մեջ կլինի։ 5 պատգամավորներ արդեն վճարել են 500 հազարական դրամ որպես գրավ։

Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արթուր Սարգսյանը հայտնել է, որ ազատ արձակվելուց հետո կդադարեցնի հացադուլը։

Նշենք, ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով կալանավորված Սարգսյանը տառապում է մի շարք հիվանդություններով։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել, սակայն համապատասխան բուժօգնություն չի ստացել։ Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար: Նրա խափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, նա ազատ էր արձակվել: Սակայն փետրվարի 9-ին դատարանի որոշմամբ նրան կրկին կալանավորել էին։

Կալանավորման օրվանից սկսած Սարգսյանը հացադուլ էր հայտարարել։ Փետրվարի 27-ին Ազգային ժողովում Սարգսյանի ն ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էր սկսել, որին միացել էին 26 պատգամավոր։ Դիմումը պատգամավորներն ուղարկել էին Դատախազություն։

«Հաց բերողին» ազատ արձակելու պահանջ էին ներկայացրել նաև մի խումբ երիտասարդներ, ովքեր նստացույնց էին սկսել Ազատության հրապարակում։

Հիշեցնենք, որ Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել է ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկների. ըստ մեղադրանքի, նա «օժանդակել է բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք է փոխադրել և կրել»։

Tekali Taxi