Գլխավոր / Ազգային ժողով / Հանրապետական կուսակցությունը հաշվեհարդար է տեսնում հանցանքը բացահայտողից

Հանրապետական կուսակցությունը հաշվեհարդար է տեսնում հանցանքը բացահայտողից

Դպրոցների տնօրենների կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ դատարան հայց ներկայացնելու քայլը կազմակերպված է ՀՀԿ-ի կողմից, և դրանով Իոաննիսյանից հաշվեհարդար են տեսնում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հայտի է դարձել, որ նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ Վարչական դատարան հայց են ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ՝ պահանջելով 2 մլն-ական դրամ փոխհատուցում ու հրապարակային հերքում:

Նախքան ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կառույցը հրապարակել էր 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք փաստում էին, որ տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրել:

Ընդ որում, կան փաստեր, որ դրանք արվել են վերադաս մարմինների հրահանգով, տնօրեններն այդ ցուցակները մարզպետարաններ ու այլ կառույցներ են ներկայացրել:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ իր համար ի սկզբանե պարզ էր, որ տնօրենների համար այս բացահայտումն իրավական հետևանք չէր ունենալու: «Հայաստանում մենք չունենք անկախ դատական համակարգ, և այն քաղաքական ուժը, որն ուղղորդել է տնօրեններին այդ ցուցակները կազմելու, այդ նույն քաղաքական ուժը չի պատժելու իր իսկ կողմից ուղղորդված տնօրեններին: Ես որևէ պատրանք չունեի, որ դրան կհետևեն ինչ-որ իրավական գործընթացներ: Բայց ինձ մի բան էր անհանգստացնում, որ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ կարող է հաշվեհարդար լինել: Եվ հիմա ընտրությունների ավարտից հետո մենք ականատես ենք լինում Դանիել Իոաննիսյանի նկատմամբ ՀՀԿ հաշվեհարդարին»,- «Մեդիալաբին» ասել է Իշխանյանը:

Նրա խոսքով՝ նախքան ընտրությունները, որքան էլ իշխանությունները վստահ լինեին իրենց ուժերի վրա, անհանգստանում էին ինչ-որ ընդվզումներով, դրա համար հանգիստ թողեցին Իոաննիսյանին մինչև ընտրությունների ավարտը: Տեսնելով, որ քաղաքական դաշտը հիմնականում համակերպվեց ու խաղաց իրենց խաղի կանոններով, և այդ տնօրենների հարցով ոչ մի քաղաքական ուժ մտահոգություն չարտահայտեց, իշխանությունները սլաքն ուղղեցին Իոաննիսյանի դեմ:

«Տվյալ դեպքում դպրոցների տնօրենները նույնպես կատարում են գործիքի դեր, որովհետև նրանցից որևէ մեկը, ես համոզված եմ, ինքնուրույն չի որոշել դիմել դատարան: Ամեն ինչ կազմակերպված է քաղաքական վերնախավի՝ ՀՀԿ-ի կողմից, որը նույնացրել է իրեն պետության հետ»:

Ըստ նրա՝ նախքան այս բացահայտումներն էլ որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ կրթական և մյուս պետական հաստատությունների աշխատակիցների կողմից այդ գործողությունները Հայաստանում յուրաքանչյուր ընտրության ժամանակ կատարվել են:

«Ես դպրոցների տնօրեններին պաշտպանելու որևէ միտում չունենալով հանդերձ՝ վստահ եմ, որ դա նրանց անձնական նախաձեռնությունը չի եղել: Այդ գործողությունները նրանց պարտադրվել են վերևից: Այսինքն՝ ում նրանք ենթարկվում են, այդ կառույցներից է եկել հրահանգը: Այդ տնօրենները, եթե այդ աշխատանքը չկատարեին, դժվար է ասել, թե նրանց ճակատագիրը հետագայում ինչ կլիներ»,- ասաց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ գուցե Հայաստանի հնազանդ դատաիրավական համակարգը փորձի կատարել իշխանությունների պատվերը և հօգուտ տնօրենների վճիռ կայացնել: Բայց միջազգային ասպարեզում, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ն հերթական անգամ պարտվելու է այս գործով:

Ըստ Իշխանյանի՝ ողջ քաղաքացիական հասարակությունը չպետք է ձեռքերը ծալած նստի, պետք է կանգնի Իոաննիսյանի թիկունքին և բոլոր տեսակի պաշտապանության միջոցների դիմի:

Tekali Taxi