Home / Բանակ / Շահերի բախում․ սպայի սպանության գործի կոծկողը մասնակցելու է Եվրոդատարանի քննությանը

Շահերի բախում․ սպայի սպանության գործի կոծկողը մասնակցելու է Եվրոդատարանի քննությանը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին կոմունիկացրել է 2010 թվականին սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է զինծառայողի քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը։ Հայաստանի Կառավարությունը 16 շաբաթ ժամանակ ունի ներկայացնելու համար իր արդարացումները։

«Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ․ հուլիսի վերջին՝ Տավուշի մարզի մարտական դիրքերում։ Պաշտոնական վարկածով նրա մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն ընտանիքը, մատնացույց անելով քրեական գործի մի շարք հանգամանքներ, պնդում է, որ կատարվածը եղել է սպանություն։ Տուժող կողմը, սպառելով ներպետական ատյաններում հանցանքը բացահայտելու հնարավորությունը, ՄԻԵԴ էր դիմել 2014թ․ մարտի 3-ին», ֊ գրել է Նազարյանը։

Զինծառայողի քույրը և մայրը ՝Հասմիկ Հովհաննիսյանը ՄԻԵԴ֊ի հայցում պնդում են, որ Հայաստանում խախտվել է իրենց հարազատի Կյանքի իրավունքը (Մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդված) և իրենց Կարծիքը արտահայտելու ազատությունը (նույն Կոնվենցիայի 10-րդ հոդված), Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (նույն Կոնվենցիայի 13-րդ հոդված), քանի որ իրենք չեն կարողացել արդյունավետ մասնակցություն ունենալ գործի քննությանը չպատճառաբանված մերժված լինելով ստանալ Արտակի ձեռագիր նամակները և չկարողանալով դրանք անկախ փորձաքննության հանձնել։

Հարկ է նշել, որ ՄԻԵԴ֊ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Գևորգ Կոստանյանն է, ով Արտակ Նազարյանի մահվան գործի՝ ներպետական ատյաններում քննության ընթացքում զբաղեցրել է Զինվորական դատախազի պաշտոնը։ Նազարյանի հարազատները համարում են, որ Կոստանյանը ինքն անձամբ մասնացել է գործի կոծկմանը։ Արտակ Նազարյանի մայր Հասմիկ Հովհաննիսյանը մասնավորապես հրաժարվել է ընդունել Կոստանյանի  առաջարկը հանդիպել որդեկորույս մայրերին։ «Ես իրեն համարում եմ գլխավոր հանցագործ, ինքը գլխավոր մարդասպանն է, որովհետև հովանավորում է մարդասպաններին։ Ես համարում եմ, որ իմ տղայի արյունը ոչ միայն սպանողի, այլև վկաների, ականատեսների, կոծկողների, ՀՀ նախագահի ու գլխավոր դատախազի վրա է։ Այստեղ էլ պատասխան չտան՝ Աստծո մոտ անպայման հաշիվ են տալու իրենց արարքների համար», – ասել է է Հովհաննիսյանը։

Արտակ Նազարյանի իրավահաջորդների շահերը ՄԻԵԴ֊ում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է՝ այն որ Գևորգ Կոստանյանն է ներկայացնելու ՀՀ-ն Արտակ Նազարյանի գործի ՄԻԵԴ֊ում քննության ժամանակ ակնհայտորեն պարունակում է շահերի բախում։

«ՄԻԵԴ-ը չունի նման իրավիճակները կարգավորող նորմեր, որոնք որպես կանոն, վերաբերվում են դատավարական սուբյեկտի էթիկայի կանոնակարգմանը, տվյալ դեպքում՝ շահերի բախման բացառման նպատակով։ Այն, որ Գևորգ Կոստանյանի կողմից իր անձնական շահերի ներգրավմամբ ներկայացուցչություն է իրականացվելու, ենթադրում է, որ պետք է լինի հենց Կառավարության անհանգստության առարկան։ Պետությունը նման իրավիճակը չի կանխում, իսկ բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ինչպես ստեղծված է լռելու համար, այնպես էլ իր ստեղծման նպատակին փայլուն կերպով հետամուտ է լինում», – ասել է Վահե Գրիգորյանը։

Սա, ըստ իրավապաշտպանի, ավելի մեծ և տևական խնդրի մի մասն է միայն․ «Երբ բրեժնևյան հեգևիճակի ոգեշնչմամբ մարդիկ մի քանի պատասխանատու պաշտոններ են միաժամանակ զբաղեցնում, որոնցում յուրաքանչյուր վերցրած պաշտոնում պաշտոնավարումից տարիներ անց պարզվում է, որ ոչ մի ոլորտում էլ որևէ լուրջ հաջողություն չեն արձանագրում, եթե ոչ, որպես կանոն, կատարյալ ձախողման են հասցնում այդ ոլորտներից ամեն մեկը: Ինչպես օրինակ՝ ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի գործունեության ոլորտը», ֊ ասել է Գրիգորյանը։

Tekali Taxi