«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 14֊ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Կուսակցությունը պատճառաբանում է, որ տեղի ունեցել են այն ծավալի խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։
««Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)»,֊ ասված է դիմումում։
Կուսակցությունը բերում է փաստեր, որոնք ապացուցում են, որ ընտրողներից շատերին նախապես տրված է եղել ՀՀԿ֊ի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։
«Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել», ֊ մասնավորապես, ասված է ԿԸՀ ուղարկված դիմումում։
Հիշեցնենք, որ ընտրություններից 2 օր առաջ ՀՀԿ֊ի կողմից խախտումների մասին ահազանգել է նաև ընտրության մասնակից մեկ այլ ուժ՝ «Ելք» դաշինքը։ «Ելքը» պահանջում էր, որ ԿԸՀ֊ն Հանրապետական կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչի։ ԿԸՀ֊ն այդ դիմումը մերժել էր։