Մայիսի 14֊ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հաղթող է ճանաչվել իշխող Հանրապետական կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյան)։
ՀՀԿ֊ն հավաքել է 240 036 ձայն, դա քվեարկության մասնակիցների 71.45 տոկոսն է։ ԿԸՀ֊ի հրապարակած նախնական արդյունքներով, երկրորդը «Ելք» դաշինքն է՝ 70 731 (21%), երրորդը՝ «Երկիր ծիրանի» կուսակցությունն է 26.109 (7,75%):
Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 40.99 տոկոսը։
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ելք» դաշինքը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Հանրապետական կուսակցության մասնակցությունը թույլ չտալու համար։ «Ելքը» փաստեր էր ներկայացրել, թե Տարոն Մարգարյանի շտաբում մարդկանց ցուցակագրում են ու գումար են բաժանում, սակայն ԿԸՀ֊ն հայտարարել էր, որ ներկայացված տեսանյութում ընտրախախտման փաստ չկա։
Երեկ ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգ ստացած «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտել էր Տարոն Մարգարյանի շտաբներից մեկը, որտեղից քաղաքապետի թեկնածուի բռնությամբ դուրս էին բերել ոստիկանները։ Միջադեպի ընթացքում ուղեղի ցնցում էր ստացել Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը։