Home / Ազգային ժողով / Սևանն ուզում են պահպանել միայն 3 պատգամավորներ

Սևանն ուզում են պահպանել միայն 3 պատգամավորներ

Սևանա լճից սահմանվածից ավել՝ 100 մլն խորանարդ մետր ջուր վերցնելու մասին նախագիծն այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվել է 75 կողմ, 3 դեմ ձայների համամասնությամբ։

Օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ քվեարկությունից առաջ ելույթ է ունեցել «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը, որը մյուս պատգամավորներին կոչ արել դեմ քվեարկել։

Ըստ առաջարկվող ծրագրի՝ Սևանի ջրով կլուծվի Արարատյան դաշտի երեք ամայացող համայքների ոռոգման հարցը և ջրամբարները կլցվեն։

«Մենք համոզված ենք, որ 130 հազար շահառուների հողատարածքների ոռոգման հարցը կարելի է լուծել այլ եղանակով։ Օրենքի նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ, այն Սահմանադրությանը հակասող բազմաթիվ դրույթներ ունի», -իր ելույթում ասել է պատգամավորը։

Նշենք, որ Ազգային ժողովի նիստին զուգահեռ այսօր բողոքի ակցիա էր անցկացվել ԱԺ դարպասների մոտ։ «S. O. S. Սևան» նախաձեռնության անդամները պահանջում էին դեմ քվերակել օրենքում փոփոխություններ անելուն։ Բնապահպանների կարծիքով՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելը կարող է հանգեցնել բնապահպանական լուրջ աղետների, մասնավորապես, լիճը կսկսի ճահճանալ, կավելանան կապտականաչավուն ջրիմուռները և շատ ձկնատեսականեր ուղղակի չեն կարող բազմանալ։ Նրանց խոսքով՝ Սևանից ավել ջուր վերցնելը ձեռնտու է մի շարք ՀԷԿ֊եր և Սևանի ափամերձ տարածքներում առանձնատներ և հանգստի վայրեր ունեցող մեծահարուստներին և պաշտոնյաներին։

Tekali Taxi