Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր ընթացել է «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի սցենարով։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը փորձել է նիստը վարել առանց պաշտպանների։
Չնայած որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, այնուամենայնիվ, այսօր դատարանն ամբաստանյալներին հրավիրել է նիստերի դահլիճ և առաջարկել է այլ պաշտպանների անուն տալ, քանի որ նրանց պաշտպաններ Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը և Արայիկ Պապիկյանը մի քանի նիստեր անընդմեջ բացակայել են և կարող են վարույթից հեռացվել։
Գրիգորյանը նշել է, որ նոր պաշտպանների անուններ չտալու դեպքում՝ դատարանն ինքն է պաշտպան նշանակելու։ 3 ամբաստանյալները պնդել են, որ «դատարանն իր պաշտպաններին իրեն պահի, իրենք չեն հրաժարվում իրենց պաշտպաններից»։
Դատական նիստի ընդմիջման ժամանակ Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատավորը փորձում է այնպես անել, որ իր ամուսնուն հանրային պաշտպան տրամադրեն, այն դեպքում, երբ իր ամուսինն ունի երկու պաշտպաններ՝ Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը, ու նրանցից չի ցանականում հրաժարվել։
«Միտում կա բոլոր պաշտպաններին, որոնք հարցեր են բարձրացնում, սանկցիաներով հեռացնել», -ասել է Պողոսյանը։
Դատական նիստի ընթացքին զուգահեռ «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում զրույցի ժամանակ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ դատավորը հաշվել չգիտի, քանի որ ինքը ոչ թե 3, այլ 2 անգամ չի ներկայացել նիստերի դահլիճ, և դրա համար պատճառներ կան։
Փաստաբանի խոսքով՝ իր բացակայությունը պայմանավորված էր Սեֆիլյանի ցանկությամբ։ 10 ժամով դատարանի դահլիճից հեռացված Սեֆիլյանը պնդել էր, որ առանց իր ներկայաության պաշտպանը իրավունք չունի ոչ մի քայլ անել։
«Այդ ինչպե՞ս եղավ, որ դատարանը չհարգեց իր իսկ որոշումը և Սեֆիլյանին բերեց նիստերի դահլիճ։ Եթե Սեֆիլյանին բերել են դատական նիստերի դահլիճ, պետք է ինձ ծանուցեին, եթե ես ծանուցված լինեի, այդ դեպքում կլիներ 3 անգամ չնեկայանալ», – ասել է Հայրապետյանը։
Նշենք, որ պաշտպաններից Տիգրան Եգորյանը դատարանին գրություն էր ուղարկել` նշելով, որ ինքնազգացողությունը վատացել է և խնդրել էր դատարանին իր բացակայությունը համարել հարգելի: Բացի դա, Եգորյանը նույնպես հայտնել էր, որ իր պաշտպանյալը հեռացված է նիստերի դահլիճից և հետևաբար իր ներկայությունն անիմաստ է։ Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին դատավորը թույլ չի տվել հայտարարությամբ հանդես գալ՝ պատճառաբանելով, թե նա դեռ ներգրավված չէ որպես պաշտպան։ Փաստաբանը պնդել է, որ նիստերի քարտուղարն իրեն ներկայացրել է որպես պաշտպան։ Այդ ասելուց հետո Կարապետյանցը լքել է նիստերի դահլիճը։ Պապիկյանը նույնպես լքել է նիստերի դահլիճը՝ մյուս փաստաբանների նման հիմնավորելով, որ իր պաշտպանյալն առանց իր ներկայության թույլ չի տվել մասնակցել դատական նիստին:
7 մեղադրյալներից 6 հեռացված են նիստերի դահլիճից՝ դատավորի մտնելու ժամանակ ոտքի չկանգնելու համար։ Մեկ մեղադրյալ՝ Հովհաննես Պետրոսյանը, որը վկայություն էր տվել Սեֆիլյանի դեմ, մնացել է նիստերի դահլիճում։
Շուրջ 2 ժամ ընդմիջումից հետո դատարան է ներկայացել Սեֆիլյանի մյուս պաշտպան Արա Զաքարյանը: Դատավորը որոշել է նրան պաշտոնապես ներգրավել որպես Սեֆիլյանի պաշտպան: Գևորգ Սաֆարյանի դեպքում նա որոշում է կայացրել հանրային պաշտպան ներգրավել։