Վաղը՝ հուլիսի 11-ին, լրանում է 10 օրը, ինչ «Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են պատժախուց։ Նրա պաշտպան Տիգրան Եգորյանի կարծիքով՝ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելը «պարզ, հասարակ վրեժխնդրություն է»։
Հունիսի 30-ին Սեֆիլյանի և մյուսների գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո Սաֆարյանին 10 օրով տեղափոխել էին պատժախուց։ Տիգրան Եգորյանի հետ զրույցում Սաֆարյանն ասել է, որ պատժախուց է տեղափոխվել իրեն դատարան ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագրի համաձայն, ըստ որի՝ Սաֆարյանը հայհոյել է ոստիկաններին և իշխանությանը։
Epress.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը այլ գործով պաշտպանում է Սաֆարյանի շահերը, նշել է, որ Գևորգը տեղափոխվել է պատժախուց, քանի որ դատական նիստի ժամանակ նա հարց է բարձրացրել «Սասնա ծռեր» խմբի անդամների ծեծի մասին: Դատարանի դահլիճում ներկա ոստիկաններն այդ մասին տեղեկացրել են իրենց վերադասին՝ Արմեն Ղազարյանին: Վերջինս զեկուցագիր է գրել, թե Սաֆարյանը հայհոյել է իշխանություններին:
Եգորյանի խոսքով՝ Սաֆարյանին տանել պատժախուց այն հիմքով, թե նա վիրավորել է ոստիկանին, աբսուրդ է։
«Դատարանում կատարված որևէ գործողություն առանձին ընթացակարգով պետք է հետապնդման ենթակա լինի, եթե այդպիսին իսկապես եղել է։ Սա ուղղակի պարզ, հասարակ վրեժխնդրություն է։ Սա համակարգի փոխադարձ սոլիդարության շրջանակերում մարդու իրավունքների ոստնահարում է», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում գրվել էր, որ «Սասնա ծռերի» անդամներին ծեծի ենթարկելու գործողությունը ղեկավարել էր հենց Արմեն Ղազարյանը: