Home / Բանտ / Գևորգ Սաֆարյանին կտեղափոխեն իր նախընտրած խուց

Գևորգ Սաֆարյանին կտեղափոխեն իր նախընտրած խուց

Քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանին կտեղափոխեն իր նախընտրած խուցը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանի եղբայրը՝ Արմո Սաֆարյանը։ Վերջինիս խոսքով՝ իրենք դեռ տեղյակ չեն նոր խցի պայմանների մասին, սակայն այսօր երեկոյան փաստաբանները կայցելեն և կտեղեկանան։ Սաֆարյանի հարազատներն այսօր բանտի տեսակցությունների սենյակում հանդիպել են նրան։

Վերջին օրերին Սաֆարյանի պաշտպանները բարձրաձայնում էին, որ պատժախուցը, որտեղ պահվում էր Սաֆարյանը, կիսանկուղային հարկում է։ Այնտեղ մշտապես ուժեղ խոնավություն կա, գարշահոտություն, կոյուղու խնդիրների պատճառով երբեմն կոյուղաջրերը հոսում են խուց։ Պատժախցի պատերն ամբողջովին բորբոսնած են, խցում շատ միջատներ կան։ Այս հարցի հետ կապված պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը չի կատարում արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները և իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը։ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները նույնպես այցելել էին Սաֆարյանին և արձանագրություն կազմել։

Մեզ հետ զրուցում Արմո Սաֆարյանը նշել է, որ ինքը չի կարող ասել՝ ինչն է ազդել, որ Սաֆարյանին իր ուզած խուց են տեղափոխում․ արդյոք դա կապված է ՄԻՊ-ի ջանքերի, թե փաստաբանների կողմից ՄԻԵԴ դիմելու հետ։

Չնայած օմբուդսմենի գրասենյակից հավաստիացնում էին, որ զբաղվում են Գևորգ Սաֆարյանի բանտային պայմանների հետ կապված խնդիրներով, քաղցաքացիական ակտիվստ, գործարար Վարդգես Գասպարին այսօր առավոտվանից ակցիա է արել ՄԻՊ գրասենյակի մոտ՝ պնդելով, որ կառույցը կաշկանդված է, քանի որ այն շարունակում է իշխանությունների քաղաքականությունը։ Գասպարին առաջարկել է, որ հենց Մարդու իրավունքների պաշտպանը գնա խուց և մի օր անցկացնի այնտեղ Սաֆարյանի հետ։

«Գոնե ՄԻՊ-ը [այցելի], որը մենաշնորհ ունի իրավունքի բնագավառում, այսինքն՝ կալանավայրեր այցելել և այլն, որոնք այլ շահագրգիռ հասարակական կազմակերպություններ չունեն։ Փաստորեն, ունի այդ հնարավորությունը, և այդ ամենը կեղծվում է», -ասել է Վարդգես Գասպարին։ Նրա խոսքով՝ նվազագույնը ՄԻՊ-ը պետք է արձանագրեր՝ ինչ է կատարվում բանտում իրականում։

Գասպարիի և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանն ասել է, որ ՄԻՊ ներկայացուցիչները մի քանի անգամ չհայտարարված այցեր են կատարել Սաֆարյանի մոտ, արձանագրել են վիճակը, ու երբ ամփոփեն այցերի արդյունքները, կներկայացնեն դրանք։

Լրագրողների հարցին՝ արդյոք արձանագրել են, որ Սաֆարյանի խցում կոյուղաջրեր են թափվում՝ Մաշինյանը կրկին ասել է՝ կամփոփենք, կասենք։ Ճշտող հարցին, թե երբ կամփոփեն, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը կրկին կոնկրետ չի պատասխանել՝ կրկնելով՝ երբ ամփոփենք։

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատժախցից հուլիսի 11-ին 10 օր այնտեղ գտնվելուց հետո ցանկացել էին տեղափոխել Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնաշենք։ Սաֆարյանը նշել է, որ չի ցանկանում այտեղ տեղափոխվել՝ պատճառաբանելով, որ ամիսներ առաջ ինքն այդ մասնաշենքում լուրջ խնդիրներ էր ունեցել քրեական հեղինակությունների հետ։ Այն ժամանակ խնդիրների պատճառով Սաֆարյանին տեղափոխել էին բանտի այլ մասնաշենք։ Կալանավորի հրաժարվելու պատճառով նրան կրկին պատժախուց էին տարել։

Tekali Taxi