ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այլևս գումարային փոխհատուցում չի պահանջում 5 լրատվամիջոցներից, որոնց մեղադրում է իր հասցեին զրպարտություն համարվող տվյալներ հրապարակելու մեջ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին դատարանում հայտարարել է նախկին վարչապետի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Հայցվորը պատասխանող 5 ԶԼՄ֊ներից (epress.am, a1plus.am, iravunk.am, tert.am, 168.am) այժմ միայն միայն հրապարակած տեղեկության հերքում է պահանջում, իսկ գումարային փոխհատուցմումը՝ 2 միլիոն դրամ, պահանջում է իր գնահատմամբ զրպարտող հայտարարությունը կատարած գործարար Աշոտ Գրիգորյանից։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 7֊ին Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող գործարար Աշոտ Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, օգտագործելով իր օֆշորյան հաշիվները, սնանկացման է տարել «Նաիրիտ» գործարանը։
Երեկ կայացած դատական նիստին Աշոտ Գրիգորյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը հարցրել է՝ արդյոք հիմնական պատասխանողը Գրիգորյանն է, իսկ ԶԼՄ֊ները երկրորդական։ Օրբելյանի խոսքով՝ պատասխանողների մեջ նման տարբերակում իրենք չեն դնում։ Նիստից հետո Գասպարյանը Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ այդ հարցը կարևոր է, քանի որ Աշոտ Գրիգորյանը Սլովակիայի քաղաքացի է և նրա դեմ դատական գործերը պետք է ուղարկվեն Սլովակիայի դատարան։
Ի դեպ, դեռևս անցյալ տարի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը հայցը վերադարձրել էր հենց այդ հիմքով՝ նշելով, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244֊րդ հոդված սահմանված օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերը քննելու հիմքերը բացակայել են։ Հետագայում Վերաքննիչ դատարանի որոշմամբ գործն ուղարկվել էր դատարան՝ քննության։
Անդրադառնալով նախկին վարչապետի ներկայացրած հայցին Վահագն Գասպարյանը հայտարարել է․ «Հրապարակված տեղեկությունների ապացույցներ ձեռք բերելու համար հարցումներ ենք ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով տրամադրել, թե առևտրային բանկերի կողմից 2007-2014 թվականների ընթացքում ինչպիսի վարկային միջոցներ են տրամադրվել «Նաիրիտ» գործարանին։ Կենտրոնական բանկը մերժել է տեղեկություն տրամադրելը՝ տեղեկատվությունը գաղտնիք լինելու հիմքով։ Երկրորդ՝ ՀՀ Դատախազությանը խնդրել ենք տրամադրել Տիգրան Սարգսյանի վերաբերյալ քրեական գործում առկա Կիպրոսի դեսպանի պատասխանը, կամ պատճենը՝ կապված Տիգրան Սարգսյանի կողմից օֆշորում գրանցված հաշվեհամարների վերաբերյալ։ Դատախազությունը ևս մերժել է՝ տեղեկությունը նախաքննության գաղտնիք հանդիսանալու հիմքով»։
Գասպարյանը միջնորդել է, որպեսզի դատարանն ինքն այդ տեղեկությունը պահանջի։ Այդ միջնորդությանը դատավոր Հայարփի Զարգարյանը չի անդրադարձել։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2018 թվականի ապրիլի 27֊ին, ժամը 15.00֊ին։