ՊՆ մամուլի ծառայությունը թաքցրել է հունվարի 4֊ին ականի պայթյունի հետևանքով վիրավորված երկու զինծառայողի մասին տեղեկատվությունը։ Այս մասին գրում է Armtimes.com կայքը։
Թերթի աղբյուների համաձայն, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից վիրավորված զինծառայողներց մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Մյուս զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցի հրապարակմանը՝ նշելով․ «Մենք որևէ բան թաքցնելու միտում չունենք և չենք թաքցրել և անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը մեզ մեղադրել ինչ֊որ բան թաքցնելու մեջ: Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել: Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ նրանց վիրավորվելու լուրը հաղորդել և հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաև այլ բաների մասին….»: