13։57 Արդեն կան մոտ 100 ուսուցիչների ստորագրություններ, որով պահանջում են հեռացնել տնօրեն Ազիզյանին իր պաշտոնից։
13:25 Շարունակվում է բողոքի ակցիան Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում, որտեղ տասնյակ երեխաներ և նրանց ծնողները պահանջում են ՀՀԿ֊ական տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը։
Ծնողներից մեկը և ևս երեք երեխա մոտ կես ժամ փակել են տնօրենի ընդունարանի դուռը և թույլ չեն տվել լրագրողների և իրավապաշտպաններին մտնել Ազիզյանի սենյակ։
Աշակերտներից մեկը՝ Էրիկան, որն ակտիվորեն փակում էր դուռը, պնդել է, որ իր ընկերներին համոզել են, որ Ազիզյանի հեռացման մասին խոսեն։
Տևական ժամանակ հետո դուռը ներսից բացել են և լրագրողները կարողացել են հանդիպել Ազիզյանի հետ։
«Դուք ի՞նչ եկել եք, հարցեր եք տալիս, չեք ուզում իրականությունը լսել և վերլուծել։ Ես բոլորիս իրավունքները հարգել եմ․․․ Ես զարմացած եմ այս իրավիճակից, ես երբեք ատելություն իմ աշակերտների աչքերում չեմ տեսել, նրանք միշտ ժպտալով են բարևել ինձ։ Սա կազմակերպվել է։ Այն, ինչ մեր վարչապետի (նկատի ունի Սերժ Սարգսյանին) դեմ էր կազմակերպվել, հիմա էլ դպրոցներով է կազմակերպվում։ Հեղափոխություն դպրոցներո՞ւմ, թող հանեն դպրոցները քաղաքականությունից», -ասել է Ազիզյանը։
Սենյակում ներկա ծնողներն ասել են, որ դպրոցում տարբեր առիթներով դրամահավաք են անում։
«Ես տեղյակ չեմ, որ եղել է դրամահավաք։ Եթե դուք կամավոր տվել եք, ես ի՞նչ կարող եմ անել», – ասել է Ազիզյանը։
Ծնողներից մեկը խոսել է ՀՀԿ֊ական տնօրենի՝ դպրոցը քաղաքականացնելու մասին՝ պնդելով, որ երեխան իրենից անձնագիր է խնդրել, որ տանի դպրոց, քանի որ ընտրություններից առաջ մարդկանց ցուցակագրում էին։ Տնօրենը հերքել է նաև անձանգիր պահանջելը։
«Իրազեկ քաղաքացիաների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշել է, որ ուսուցիչները պատմել են, թե պարգևավճարներ են տվել իրենց և հետո կանխիկ հետ վերցրել․ «Դա կոռուպցիա է, և քննիչների հարցերին պետք է պատասխանի Ազիզյանը»։
Գրադարանավարուհի Ռուզաննա Սաֆարյանը լրագրողների պատմել է, որ այդպես է հրամանը եղել՝ «ստանում եք, բերում եք, հետ եք տալիս, հազարից մեկ 5000 դրամ է թողել մեզ․․․վախեցել ենք ասել, քանի որ լծակները իր ձեռքին է։ Բանկից հանել ենք ու փոխանցում ենք արել ինչ֊որ հաշվեհամարի»- նա հավելել է, որ իրենցից պահանջել են միմյանց չասել, թե պարգևավճար են ստանում և այդ գումարը հետ տալիս։
Ազիզյանը հերքել է բոլոր մեղադրանքները։
12:45 Առավոտից Երևանի Հարավ֊Արևմտյան թաղամասում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում հավաքվել են դպրոցականներն ու նրանց ծնողները և պահանջում են տնօրեն, ՀՀԿ֊ական Ռուզաննա Ազիզյանի հեռացումը։
Տնօրենն ասել է, որ իր աշակերտները «մեկ օրում փոխվել են» և ինքը նրանց «չի ճանաչում»․ «Այդ երեխաները դեռ հրապարակի ազդեցության տակ են»։
Ուսուցիչներից շատերը բողոքում են, որ անցած օրերին իրենց կողպել են դպրոցում, որպեսզի նրանք չմասնակցեն երթերին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի նախագահ Դանիել Իոսննիսյանը դպրոցի դահլիճում հայտարարել է, որ Ազիզյանը հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների թվում էր, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության համար ձայներ էին հավաքագրում։
«Եթե տիկին Ազիզյանը պրծնի միայն գործից ազատվելով՝ թող գնա մոմ վառի»,֊ ասել է Դանիել Իոաննիսյանը։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն հայտարարել է, որ իրենք դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Ազիզյանի տնօրենի պաշտոնից հեռացնելու համար։
Դպրոցականները և նրանց ծնողները տարիներ շարունակ ահազանգել են այն մասին, թր դպրոցի տնօրեն ստիպում է ուսուցիչներին և երեխաներին կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվել։
Անցյալ տարի Կրթության և գիտության նախարարությունը ուսումնասիրում էր ծնողների բաց նամակը, սակայն այդ ուսումնասիրության արդյունքների մասին ԿԳՆ֊ն այդպես էլ չի հայտարարել։
«Ազիզյանը ստիպում է ծնողներին և ուսուցիչներին որոշակի ծախսեր անել՝ գնել կոնկրետ համազգեստներ, գումար է վերցնում աշակերտից՝ քննությունը նշանակելու համար, կաշառք է պահանջում նաև դասղեկ նշանակելու, ատեստատ ստանալու համար»,֊ ասված էր ծնողների բաց նամակում։
Ռուզաննա Ազիզյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ասել է, որ ուսանող ժամանակ Սարգսյանը «շատ կրակոտ երիտասարդ» էր։
Նշենք նաև, որ 11֊րդ դպրոցում կան ազգային հերոսների անուններով դասարաններ, դրանց շարքում՝ ՀՀԿ֊ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան դասարան։