Home / Կրթություն / Էլիտար դպրոցները վնասում են ողջ համակարգին և շերտավորում հասարակությունը

Էլիտար դպրոցները վնասում են ողջ համակարգին և շերտավորում հասարակությունը


նկարը արված է 2009 թվականին՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի բացման ժամանակ

Ու կրկին ԱՅԲ-ի մասին: Մի վայվույ է բարձրացել, թե ԿԳ նախարարը հարձակվում է մեր ամենալավ, ամենաորակով և այլ դպրոցի վրա: Բազմիցս անգամ գրել եմ սոցցանցերում ու նորից կփորձեմ պարզաբանել, թե ինչու ԱՅԲ-ը, Քվանտը, և այլ վճարովի ու ընտրողականության սկզբունքով աշխատող դպրոցները վնասակար են մեր հանրակրթական համակարգի համար:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է աուդիտ անցկացնել «Այբ» դպրոցում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում․ «Այբի հետ կապված… Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Տեր Մեսրոպը (նկարում ձախից) հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է: Այսքանը…»։

Նախ, մեր բոլոր մասնավոր դպրոցների դեպքում պետք է ապահովել պետական ռեսուրսներից չօգտվելու սկզբունքը: Բայց դա միակ ու թերևս ամենագլխավոր փաստարկը չէ: Ես անգամ չեմ բացառում պետության մասնակցությունը այն դեպքում, եթե օրինակ մրցույթի շրաջանակներում շահած մասնավոր դպրոցը պետականորեն ֆինանսավորվի ալտերնատիվ կրթական ծրագրերի կամ դասավանդման մեթոդոլոգիաների փորձնական ներդրման համար: Խնդիրները հետևյալն են․

– Այբը, Քվանտը, Դիլիջանը, նախատեսվող Արարատյան բակալավրիատի դպրոցները, անգամ որոշ չափով ֆիզմատը (որը պետական է ի դեպ) աշխատում են օլիգարխիայի սկզբունքով: Դրանք «օլիգարխ» դպրոցներ են, քանի որ իրականացնում են «էլիտայի» ձևավորման ծրագիր: Նրանք ընտրում են բնածին շնորհալի, մոտիվացված ու հավակնոտ աշակերտներին, ավելի բարձր քան հանրային դպրոցում աշխատավարձերի դիմաց լավագույն ուսուցիչներին և ստեղծում են փակ, մեկուսացված տարածքներ, «ջերմոցային» պայամմներով: Դրանում ի՞նչ վատ բան կա, ասում են շատերը: Դա ուժեղացնում է հասարակության շերտավորումը, անհավասարության սկզբունքը: Մենք կարիք չունենք առանձին, մեկուսացված, ընտրյալ պայմաններում կրթված էլիտայի, մենք կարիք ունենք հավասար հնարավորությունների հասարակության:

– Այդ դպրոցները աշխատում են այլ ծրագրերով, քան մնացած հանրակրթական դպրոցները, ինչը լրացուցիչ անհավասարություն է ստեղծում: Միայն այդ դպրոցների աշակետները ընտրվում են օլիմպիադաներում մասնակցելու համար, անգամ հատուկ լրացուցիչ մարզվում են, որ հետո մեդալներ ստանան, նկարվեն ԿԳ նախարարի հետ ու «ապացուցեն», որ մեր կրթական համակարգը լավագույններից է աշխարհում: Տեղի է ունենում մի քանի անհավասար պայմաններում բարգավաճող դպրոցների հաշվին միջին ցուցանիշների կեղծումը, ինչը ահավոր մեծ վնաս է հասցնում համակարգին:

– Այդ դպրոցները չարդարացված մեծ գին են նշանակում իրենց ծառայությունների համար: Բայց, ասում են, մենք տրամադրում ենք զեղջեր ու անգամ անվճար սովորելու հնարավորություն: Բայց ու՞մ: Ամենաչքավորներին: Լուրջ զեղջ կամ վճարից ազատում ստանալու համար ընտանիքը պիտի սովամահ լինելու եզրին գտնվի: Դա «հարուստների» նվերն է (իսկ ռուսերեն ավելի լավ բառ կա՝ подачка) աղքատներին: Իսկ միջի՞ն դասը: Իրենց ուժերով փող աշխատող ծրագրավորորղները, բանկերի ծառայողները, միջին բիզնեսի ներկայացուցիչները: Իմ մոտավոր հաշվարկով, ընտանիքը, որը ունի 2-3 երեխա և միջինը աշխատում է ամսական մոտ 700-800 հազար` անգամ 1 միլիոն դրամ, որևէ զեղչերի ենթակա չէ, սակայն կարող է իրեն թույլ տալ ԱՅԲ-ի նման դպրոց ուղարկել միայն մեկ երեխային, մնացածների ու ընդհանուր ընտանիքի բարեկեցության մակարդակի լուրջ անկման հաշվին: Փաստորեն, այդ դպրոցները հասանելի են միայն օլիգարխների համար, կամ էլ ամենաաղքատ ընտանիքների, որոնք պետք է «շնորհակալ» լինեն բարերարների հաշվին իրենց երեխաների անվճար կրթության համար, այսիքն իրավունքի, որը նրանք արդեն ունեն Հայաստանի քաղաքացի լինելով:

– Եվ ամենակարևորը: Կառավարող էլիտան այդ դպրոցները ստեղծել էր իրենց երեխաների համար: Այդ դպրոցների գոյատևման կարևոր պայմաններից է նաև ընդհանուր կրթական համակարգի թուլացումը, որպեսզի նրանց ծառայությունները ավելի մեծ պահանջարկ ունենան և մրցունակ լինեն՝ արդարացնելով իրենց «էլիտար» լինելը: Կրկնում եմ, հանրակրթական համակարգի թուլացումը այդ դպրոցների գոյատևման հիմնական պայման է:

Յուլիա Անտոնյան, մարդաբան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ