Գլխավոր / Հայաստան / Նոր Հայաստանի չինովնիկը ևս լղոզեց ադրբեջանահայերի բնակապահովման հարցը

Նոր Հայաստանի չինովնիկը ևս լղոզեց ադրբեջանահայերի բնակապահովման հարցը

Հայաստանի Տարածքային Կառավարման և Զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 2019թ․-ի պետբյուջեում ներառված կլինի՝ Ադրբեջանից հայ փախստականների բնակարանային ապահովման երկար տարիներ չլուծված խնդրի հարցը, «ձեռքերը լվաց»՝ թաքնվելով ծաղրական կարեկցանքի ետևում, տալով անիրագործելի խոստումներ և, այո՝ հասնելով մինչև ակնառու խաբեություն։

Լավ հիշում ենք, երբ 2009թ․-ին Տիգրան Սարգսյանի կողմից կազմակերպած կոնֆերանսի ժամանակ, որը միտված էր միջազգային դոնոր կազմակերպություններից գումար հավաքելու՝ խնդիրը լուծելու պատրվակով, կազմակերպությունները կառավարությանը հստակ զգուշացրեցին, որ իրենց վրա այլևս հույս չդնեն, և այդ հարցը Հայաստանը ինքը պետք է լուծի։ Օրինակ, վերջերս Բաքվի փախստական Ռիտա Ստեփանյանը բողոքում էր, որ ինչ-որ հարցով զանգահարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ նրան ասել են, որ իրենք այլևս փախստականներ չեն, պետք չէ իրենց անհանգստացնել, և անջատել են հեռախոսը կնոջ խոսելու ժամանակ։ Այդ ի՞նչ անհայտ և աննկատելի հնարավորությունների մասին է խոսում Տերտերյանը, թե իբր տարիներ շարունակ փնտրում են։ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ։ Սա ցինիկ արձագանք է, որ փախստականները երկար տարիներ լսել են Գագիկ Եգանյանից: Ի՞նչ է փոխվել։

Այս գրառումը ֆեյսբուքում արել է լրագրող, Բաքվի հայ Օկսանա Մուսաելյանը, արձագանքելով նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի հայտարարությանը։ Պաշտոնյան, պատասխանելով Ադրբեջանից փախստականների բնակպայմանների մասին հարցին, մասնավորապես, ասել է․

— Այս բյուջեով, կարծես թե, կոնկրետ բան չենք նախատեսել, բայց ինտենսիվ աշխատում ենք տարբեր միջազգային կառույցների հետ։ Մեծ ծրագրերի համար առայժմ, ցավոք սրտի, բյուջեում գումարներ չունենք։ Մենք մի ծրագիր ունենք, որ փախստականների մասնակցությամբ, իրենց միջոցներով, էժան հիպոթեքով ինչ-որ մի բան արվի։ Այս պահին հստակ ոչինչ չկա։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին «Շանթ» հեռուստատեսության եթերում տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը պատասխանել է Ադրբեջանից բռնագաղթվածների մասին հարցին․

— Նրանք քաղաքացի՞ են, փախստականի կարգավիճակ ունե՞ն և արդյոք կարգավիճակը նշանակություն ունի․ նրանք կարո՞ղ են բնակարան ստանալ թե ոչ։

— Ոմանք նրանցից դեռևս պահպանել են փախստականի կարգավիճակը, ոմանք նատուռալիզացվել են, այսինքն դարձել են Հայաստանի քաղաքացիներ, բայց դա չի նշանակում, որ պետության՝ նրանց հանդեպ ունեցած բնակարանային ապահովման պատասխանատվությունը վերացել է։ Առնվազն կառավարության 2004թ․-ին ընդունված որոշմամբ 895 ընտանիքների հանդեպ այս պահի դրությամբ պետությունը ունի բնակարանային ապահովման պարտականություն։ Եվ այդ պարտականությունը ոչ մի տեղ չի գնացել, և 2009թ․-ից ի վեր պետական բյուջեից գումար չի հատկացվել այդ ծրագրի իրականացմանը։

-Այս բյուջեով իրականացվու՞մ է։

-Այս բյուջեն հիմա, այսպես ասած , քննարկման, նախագծի փուլում է, բայց ես բնականաբար ուզում եմ, որ հատկացվի, որ մարդկանց բնակարանային խնդիրները լուծվեն, որովհետև շատ հաճախ նրանք ապրում են ուղղակի ահավոր պայմաններում, ինչը ազդեցություն է ունենում նրանց ինչպես սոցիալական ինտեգրման, այնպես էլ շատ դեպքերում ֆիզիկական և մենտալ առողջության վրա։