հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / ՀԿ-ների մասին օրենքի փոփոխությունից դժգոհությունը աճում է

ՀԿ-ների մասին օրենքի փոփոխությունից դժգոհությունը աճում է

Ս.թ. նոյեմբերի 16-ին հրապարակելուց հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարությանը միացել են ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան ավելի քան 260 ՔՀԿ-ներ, ինչպես նաև անհատապես մի շարք ՔՀԿ-ներ:

Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որը փոփոխություններ է առաջարկում հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջներում:[1]

«Հասարակական կազմակերպությունների մասին» ներկայիս օրենքը (2016թ.) նախատեսում է հրապարակային հաշվետվողականություն հանրային միջոցներ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) ստացող հասարակական կազմակերպությունների համար:[2] Նախագծով առաջարկվում է խստացնել հրապարակային հաշվետվությունների ներկայացման պահանջը` տարածելով այն բոլոր հասարակական կազմակերպությունների վրա` անկախ նրանց ֆինանսավորման միջոցներից, և ներառելով անձնական տվյալներ շնորհատուների, ինչպես նաև ֆինանսավորում ստացող անդամների, կառավարման մարմինների, աշխատակազմի ու կամավորների մասին: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած գլխավոր հիմնավորման` «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը  պայմանավորված է ՔՀԿ-ների թափանցիկության և հանրային հաշվետվողականության բարելավման, ինչպես նաև օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Այլ պատճառաբանությունների շարքում ՊԵԿ-ը նշել է, որ դժվար է սահմանել «հանրային միջոցներ» հասկացությունը, բացի այդ կա անհրաժեշտություն կանխարգելելու փողերի լվացումը:

Հարկ է նկատել, որ 2016թ. դեկտեմբեր ՀԿ-ների գործունեության համապատասխանությունը օրենքին վերահսկվում էր ՀՀ արդարադատության նախարարության, իսկ ֆինանսական գործառնությունները` հարկային պետական ծառայության կողմից: «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունմամբ՝ օրենքին համապատասխանության վերահսկողության գործառույթն անցավ ՊԵԿ-ին, և այդ նպատակով ստեղծվեց հատուկ ստորաբաժանում: Առհասարակ, հասարակական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործարքների, այդ թվում՝ եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում հարկային մարմիններին, ուստի ներմուծված նոր մեխանիզմն իրենից ներկայացնում է ՀԿ-ների կրկնակի վերահսկողություն հարկային մարմինների կողմից: Պետք է նշել, որ տվյալ դրույթը հայտնվել է օրենքում ՀՀ ազգային ժողովում վերջին ընթերցման ժամանակ և նախապես չի քննարկվել ո՛չ ՀԿ-ների, ո՛չ էլ ՊԵԿ-ի հետ:

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկված նոր փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Դրանք չհիմնավորված և անհամաչափ բեռ են դնում հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման և առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված, ինչպես նաև պետության կողմից այլ միջազգային պարտավորություններով ստանձնած միավորումների ազատությունը: Մասնավորապես.

  1. Հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016թ. դեկտեմբերին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում հանրային լայն քննարկումների արդյունքում՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթը մտցվել է, հիմք ընդունելով այն իրողությունը, որ  պետական հաստատությունների կողմից միլիոնավոր դրամներ էին հատկացվում հանրությանը անհայտ ՀԿ-ների, որոնց գործունեության, նվաճումների և ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որևէ հանրային տեղեկություն առկա չէր: Ավելին, կային դրամաշնորհառուներ, որ փոխկապակցված էին պետական պաշտոնյաների, ինչպես նաև միմյանց հետ: Դրամաշնորհառուների ընտրությունն իրականացվում էր ամբողջովին ոչ թափանցիկ և խիստ կասկածելի եղանակով:Ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ ՀԿ-ներից տարբեր իրավիճակում և նրանք պետք է հանրության առջև հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ և կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում ձևակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն ՀԿ-ների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը:
  2. Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «104. Իրավաչափ է հաշվետվողականություն և թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին: Այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, և պետք է լինի միավորման չափին և գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի և եկամուտների ծավալը»:[3]Առաջարկվող փոփոխությունները տարբերակում չեն դնում ՀԿ-ների միջև, և ավելորդ ու անհամաչափ բեռ են դնում միավորումների մեծամասնության, այդ թվում՝ եկամուտ չունեցողների վրա, նրանց հավասարեցնելով այն կազմակերպություններին, որոնք տնօրինում են հանրային միջոցներ և պարտավոր են հաշվետու լինել հանրությանը այդ առնչությամբ:
  3. Նախագիծն առաջարկում է, որ ՀԿ-ները ներկայացնեն հրապարակային հաշվետվություն եկամուտների (դրամական և գույքի) մասին` տարբերակված ըստ աղբյուրների, ներառյալ՝ հանրային աղբյուրները, իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից ստացած ֆինանսավորումը: Ընդ որում, պետք է բացահայտվեն բոլոր աղբյուրները՝ նշելով անունները, ռեզիդենտ երկիրը և շնորհատուի իրավաբանական կարգավիճակը: ՀԿ-ներին նվիրատվություն անող ֆիզիկական անձանց անունները ենթակա չեն հրապարակման, այլ՝ միայն ներկայացվում են ՊԵԿ-ին տրամադրվող հաշվետվություններում: Առկայության դեպքում անհատ շնորհատուների անձնագրի տվյալները, հասցեն և հեռախոսահամարները նույնպես պետք է ներկայացվեն ՊԵԿ-ին:Այս իրավակարգավորումները հակասում են շնորհատուների գաղտնիության իրավունքին, թե՛ իրավական և թե՛ ֆիզիկական անձանց պարագայում: Համաձայն Եվրոպային խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի` «64. Բոլոր հաշվետվությունները պարտավոր են հարգել շնորհառուների, շահառուների և աշխատակազմի իրավունքները, ինչպես նաև օրինական բիզնեսի գաղտնիությունը պահպանելու իրավունքը»:[4]

    Համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ուկրաինայի մասին համատեղ կարծիքի` (16 մարտի 2018)՝[5] շնորհատուի` անանուն մնալու ցանկությունը պետք է հարգվի և գաղտնիության իրավունքին կարելի է միջամտել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ պահպանելով համաչափության սկզբունքը (հոդված 46): Մինչդեռ, նախագիծը բավարար հիմքեր չի ապահովում՝ սահմանափակելու շնորհատուների գաղտնիության իրավունքը:

  4. Նախագիծն առաջարկում է առցանց հրապարակել այն անդամների, կառավարման մարմինների, աշխատակազմի ու կամավորների ներկայացուցչությունների, անունները, որոնք տարվա ընթացքում օգտվել են կազմակերպության դրամական միջոցներից: Նման պահանջը հակասում է միջազգային չափանիշներին:Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «167. Միավորումները չպետք է պարտավորված զգան բացահայտելու իրենց անդամների անուններն ու հասցեները թե՛ միավորման ազատության իրենց իրավունքի, և թե՛ մասնավոր կյանքը հարգելու իրավունքի անհամատեղելիության պատճառով: Նաև 231. …Օրենսդրությունը պետք է նաև ապահովի շահառուների, անդամների և միավորումների հիմնադիրների գաղտնիության իրավունքի հարգումը, ինչպես նաև ցանկացած ոտնահարման դիմաց փոխհատուցումը:»[6]
  5. Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի համաձայն`  Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում «7. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ունենան նույն հնարավորությունները, ինչ այլ իրավաբանական անձինք և պետք է ենթարկվեն վարչական, քաղաքացիական ու քրեական օրենսգրքերի պարտականություններին ու պատժամիջոցներին, որոնք սովորաբար կիրառելի են այդ իրավաբանական անձանց համար»:[7]Հատկանշական է, որ առևտրային կազմակերպությունները Հայաստանում չեն ենթարկվում այնպիսի վերահսկողության ինչպիսին սահմանված է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով և նրանցից չի պահանջվում ներկայացնել հրապարակային հաշվետվություն: Նրանք ներկայացնում են ֆինանսական հաշվետվություններ հարկային մարմիններին և չեն հրապարակում իրենց եկամուտի աղբյուրները, ինչպես նաև աշխատակազմի անդամների կամ շահագրգիռ կողմերի անունները:
  6. Անհիմն է միավորումների հաշվետվողականության պահանջների խստացումը՝ «հանրային միջոց» հասկացությունը սահմանել չկարողանալու կամ երկրում փողերի լվացումը կանխարգելելու հիմքով:Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխությունները հակասում են նաև Եվրոպայի խորհրդի Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների հանձնախմբի (ՄանիՎալ)[8] զեկույցի եզրակացություններին: 2018թ. հուլիսի ՄանիՎալի զեկույցը Հայաստանը գնահատել է որպես Ֆինանսական գործողությունների հատուկ հանձնախմբի[9] հանձնարարականների պահանջներին համապատասխանող երկիր՝ նշելով, որ «23. Հայաստանը հստակ քաղաքականություն ունի խթանելու հաշվետվողականությունը, օրինավորությունը և հանրային վստահությունը ոչ կառավարական կազմակերպությունների վարչարարության և կառավարման հարցում` կախված կազմակերպության տեսակից (այսինքն, հատուկ պահանջներ կան հիմնադրամների, բարեգործական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և այլոց համար):» [10]

Իբրև եզրահանգում պետք է նշել, որ ՊԵԿ-ը չունի ՀԿ-ներին առնչվող միջազգային ստանդարտների և պետության պարտավորությունների մասին անհրաժեշտ կոմպետենտություն և ընկալում, որպեսզի  կարողանա պատշաճ կերպով ապահովել շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրավական վերահսկողությունը Հայաստանում: ՊԵԿ-ի կողմից կիրառվող մոտեցումը, խոշոր հաշվով, նաև օրինաչափ է՝ հաշվի առնելով նրա ստանդարտ պրակտիկան, որը կիրառվում է հարկային ստուգումների ընթացքում:

Անհրաժեշտ է և հրատապ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերանայի քաղաքացիական հասարակության կառույցների գործունեության նկատմամբ իրավական վերահսկողությունը ՊԵԿ-ին վերապահելու մոտեցումը և վերադարձնի այն ՀՀ արդարադատության նախարարությանը, կամ քայլեր ձեռնարկի երաշխավորելու, որ ՊԵԿ-ի կողմից վերահսկողությունը չի գործի ընդդեմ միավորումների ազատության սահմանադրական և միջազգային նորմի:

Սույն փաստաթուղթը պատրաստվել է Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) փորձագետների մասնակցությամբ՝ «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» գործողության շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:

Հայտարարությանը միացել են հետևյալ կազմակերպությունները

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ, որը միավորում է հայաստանյան ավելի քան 260 ՔՀԿ-ներ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա (ՀԵԿԱ)
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
Սոցիալական արդարություն ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
«Կանանց Ֆորում» ՀԿ

[1] https://www.e-draft.am/projects/1283
[2] «Հասարակական կազմակերպությունների մասին» ներկայիս օրենք (2016թ.), Հոդված 24
[3] https://www.osce.org/odihr/132371?download=true
[4] https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805d534d
[5] No. 6674 օրենքի նախագծով փոփոխություններ են մտցվել որոշ օրենդրական ակտերում` հանրային միավորումների ֆինանսական գործունեության և միջազգային տեխնիկական աջակցության օգտագործման մասին տեղեկատվության հանրային թափանցիկություն ապահովելու նպատակով: No. 6674 օրենքի նախագծով փոփոխություններ են մտցվում Ուկրաինայի հարկային օրենսգրքում ապահովելու հանրային միավորումների ֆինանսավորման թափանցիկությունը և միջազգային տեխնիկական աջակցության օգտագործումը
[6] https://www.osce.org/odihr/132371?download=true
[7] https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805d534d
[8] Մանիվալը Եվրախորհրդի մշտական մարմին է, որը զբաղվում է ԵԽ անդամների` Ֆինանսական գործողությունների հատուկ հանձնախմբի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ կանոնակարգերի համապատասխանությանն ուղղված մոնիտորինգով և գնահատմամբ:
[9] http://fatfplatform.org/special-recommendation-8
[10] http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/fur/Moneyval-1st-Regular-Follow-Up-Report-Armenia-2018.pdf