Գլխավոր / Դատարան / Վաչագան Ղազարյանի կալանքը երկարաձգվեց

Վաչագան Ղազարյանի կալանքը երկարաձգվեց

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ, վճռեց դատարանը՝ բավարարելով կալանքը երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «դատավորն արտատպել է» քննիչի հիմնավորումներն ու գտել, որ Ղազարյանի կալանքի տակ գտնվելը բխում է նախաքննության շահերից։

Ըստ Հարությունյանի, սակայն, մոտ 5 ամիս գտնվելով ազատության մեջ Ղազարյանն իր վարքագծով հակառակն է ապացուցել ու չկա որևէ հիմնավորում, որ նա կարող է խոչընդոտել նախաքննության իրականացմանը։

Երեկ դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու Վաչագան Ղազարյանի պաշտպանի միջնորդությունը. պաշտպանական կողմը դատարանին առաջարկել էր կիրառել գրավ՝ սկսած 5 միլիոն դրամից։

Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաև Վաչագան Ղազարյանն՝ իր և ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնելով մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար։

«Ազատության» հարցին, թե ո՞րն է Ղազարյանի նման որոշման պատճառը, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած անձ ունի իր գումարները տնօրինելու իրավունք և նրա այդ հայտարարության վերաբերյալ ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»։

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել է նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: